«Այո, փոխզիջման պատրաստ ենք». Դավիթ Բաբայան
Եթե Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահող երկիր, կարողանա կարևոր քայլ կատարել վերահսկողական մեխանիզմների ներդրման ուղղությամբ, կլինի մեծ ներդրում: Այս կարծիքը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի՝ Հարավային Կովկաս կատարած այցի մասին:
«Այսօր տեղի ունեցավ Արցախի նախագահի և Շտայնմայերի հանդիպումը Երևանում, և տարբեր հարցեր են քննարկվել ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Իհարկե, հիմնական շեշտը դրվել է այդ մեխանիզմների մշակման, խաղաղության պահպանման վրա: Կստացվի՞, թե՞ չի ստացվի, ցույց կտա ժամանակը, բայց այլ տարբերակ չկա՝ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է կենտրոնանա հենց այդ մեխանիզմների մշակման և ներդրման վրա: Առանց դրա հնարավոր չի լինելու կարգավորել հակամարտությունը: Տարիներ շարունակ անտեսված է եղել այս ուղղությունը, դրա համար մենք ունեցանք տարբեր տիպի բարդութուններ, որի գագաթնակետը կարելի է համարել այս չորսօրյա ապրիլյան պատերազմը: Պետք է ամեն ինչ արվի, որ այդ մեխանիզմները մշակվեն: Այստեղ Գերմանիան՝ որպես գործող նախագահող երկիր, եթե կարողանա կարևոր քայլը կատարի՝ այս ուղղությամբ կլինի մեծ ներդրում»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ Գերմանիային կհաջողվի այդ մեխանիզմների ներդրման առումով որևէ առաջընթաց գրանցել՝ հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևն արդեն իսկ հրաժարվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից, Դ. Բաբայանը պատասխանեց, որ դժվար է լինելու: «Բայց այստեղ ԵԱՀԿ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, և սա կարևոր է և՛ հակամարտության կարգավորման, և՛ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Վերջապես այդ կազմակերպությունների վարկանիշի համար է նաև կարևոր, ու Ադրբեջանը չպետք է կարողանա իր հիստերիկ պահվածքի շնորհիվ տապալել այս հավաքական գործողություններն ու ջանքերը»,- նշեց ԼՂՀ նախագահի խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ Վ. Շտայնմայերը նշել է, որ ԵԱՀԿ-ի համար պարզ է, որ «ստատուս-քվոն» այլկերպ հնարավոր չի լինելու պահպանել, և երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան: Անդրադառնալով սրան՝ Դ. Բաբայանն ասաց, որ ամենակարևորն այն է, որ լինի փոխզիջում, իսկ միակողմանի զիջումը հնարավոր չէ. «Այո, փոխզիջման պատրաստ ենք, բայց պետք է լինեն փոխզիջումներ երկու կողմից, երկրորդը՝ փոխզիջումները պետք է լինեն համարժեք, այլ ձևով անհնար է լինելու, որովհետև ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք անկանխատեսելի ահաբեկչական տոտալիտար պետություն»: