Այլընտրանքային ճանապարհ ունենալու համար բանակացություններ են ընթանում վրացական կողմի հետ
«Դա բնական աղետ է: Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի Հանրապետության իշխանությունների, նաև Ռուսաստանի մեր համապատասխան կոլեգաների հետ: Ես ձեզ ասեմ՝ ռուսաստանյան կողմը վերջին 3-4 օրերին բավականին օգնեց մեզ մեր ժողովրդին ինքնաթիռով տեղափոխելով, նաև այնտեղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության կողմից մարդիկ են գնացել, օգնել են մարդկանց ամեն ինչով: Բացի դրանից՝ ես այսօր խոսել եմ Վրաստան և գիտեմ, որ աշխատանքներն ընթանում են, վրացական իշխանություններին հաջողվել է 50 տոկոսով փոխել ջրի հունը, 100 տոկոսով փոխվել էր ճանապարհի վրա»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով Լարսում առկա իրավիճակին:
Նա նշեց, որ բացի դրանից՝ բանակացություններ են ընթանում վրացական կողմի հետ, որպեսզի ունենանք նաև այլընտրանքային ճանապարհ: «Դրա հետ կապված նաև պետք է ռուսաստանյան կողմի հետ բանակցությունները վարվեն դիվանագիտական օղակներով, որպեսզի մենք հասնենք դրան: Ինքս համոզված եմ, որ լինելու է այդ քայլը երկու իշխանությունների կողմից՝ Ռուսաստանի և Վրաստանի, որպեսզի մենք, բացի Լարսից՝ ունենանք այլընտրանքային ճանապարհ»:
Հարցին, թե որ ուղղության մասին է խոսքը, Տրանսպորտի և կապի նախարարը պատասխանեց. «Այսօր Հարավային Օսեթիայով հնարավորություն կա: Ճանապարհը լավ վիճակում է: Երկու պետությունների հետ գնում են բանակցություններ: Գիտեք՝ մեզանից շատ բան կախված չէ, Հայաստանից այս առումով շատ բան կախված չէ, բայց բանակցություններ են վարվում, որպեսզի վրացական և ռուսական կողմերը գան համաձայնության, գոնե ժամանակավոր մենք այդ ճանապարհը բացենք»: