«Ո՞վ է Էրդողանը, որ Թուրքիայի անունից ներողություն խնդրի». Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել Էրդողանին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է Hürriyet-ը:
ԺՀԿ-ի խորհրդարանական խմբակցության այսօրվա նիստում վերջինս, խոսելով ՌԴ նախագահին ուղղված Էրդողանի նամակի մասին, վրդովվել է, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունը արտաքին քաղաքականությունը վերածել է ներքին քաղաքականության գործիքի:
«Արտաքին քաղաքականությունը պետք է լինի ազգային: Սակայն նրանք արտաքին քաղաքականության հարցերն օգտագործում են սեփական նպատակների ներքին քաղաքականության իրականացման համար: Էրդողանը նամակ է գրել Պուտինին, որտեղ ներողություն է խնդրել Թուրքիայի Հանրապետության անունից: Ո՞վ ես դու, որ ներողություն խնդրես Թուրքիայի անունից:
Դու չես կարող ներողություն խնդրել Ռուսաստանից, որովհետև դրա իրավունքը չունես: Ովքե՞ր են խախտել մեր սահմանը: Ռուսները: Էրդողանն ասում էր, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա Ռուսաստանն է: Սկզբում մռնչում էին ինչպես առյուծներ, իսկ հիմա մլավում են կատուների պես»,- հայտարարել է Քեմալ Քըլըչդարօղլուն: