Բաժիններ՝

Ռուսաստանին փոխհատուցում վճարելու հարց չի քննարկվել. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի համար փոխհատուցում վճարելու հարց չի քննարկվել, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Մենք միայն մեր ափսոսանքն ենք հայտնել»,- նրա խոսքերը մեջբերել է CNN-ի թուրքական ծառայությունը:

Reuters-ի հաղորդմամբ՝ Յըլդըրըմը հայտարարել է, թե Թուրքիան չի վճարելու փոխհատուցում:

Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիան անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարի Ռուսաստանին խոցված ինքնաթիռի համար: Նա խոսել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման մասին:

Թուրքիայի վարչապետը նաև հայտնել էր, թե այս շաբաթ կարող է տեղի ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Պուտինը Էրդողանից ստացել է ներողություն պարունակող ուղերձ, որտեղ նա իր ցավակցություններն է հայտնել «Սու-24»-ի զոհված օդաչուի հարազատներին:

Ուղերձում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա փչացնել հարաբերությունները:

«Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը»,- գրել է Էրդողանը:

Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ խորապես ցավակցել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Ռուս օդաչուի ընտանիքին մենք ընկալում ենք որպես թուրք ընտանիք: Հանուն ցավի թեթևացման և հասցված վնասի ծանրության՝ պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս