«Հայ երեսփոխանները զարգացնում են կրեատիվի զինանոցը և ժամանակակից շոու բիզնեսից ետ չմնալու հայտեր ներկայացնում»

«Աշխարհին համընթաց հայ երեսփոխանները զարգացնում են կրեատիվի զինանոցը և ժամանակակից շոու բիզնեսից ետ չմնալու հայտեր ներկայացնում: Վերջերս մի նոր թրենդ է զգացվում` քաղաքական գործիչներն իրենց փորձում են դրսևորել կատակեգերության, պարոդիայի ժանրում` հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության գլուխգործոցների, թեև ոչ շատ հմուտ, բայց սահուն ներկայացման մեջ, համեմելով դրանք հին սովետական ֆիլմերի թևավոր խոսքերով»,-  այսօր ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` նման քաղաքական գործիչներին մաղթելով ստեղծագործական հաջողություններ:

Ըստ նրա` ԸՕ օրինագծի հիմնական նպատակն ընտրակեղծարարության բացառությունն է, քանի որ ընտրությունները կեղծողները ավելի շատ վնաս են հասցրել Հայաստանին, քան Ադրբեջանը:

Լ.Զուրաբյանը կարճ հիշողություն ունեցողների համար թվարկեց այն ուժերին, որոնք աջակցում են ԸՕ-ում 5 միացյալ առաջարկներին` ՀԱԿ, «Հայկական վերածնունդ», ԲՀԿ, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», ՀԺԿ, ՀՀՇ, «Ազատություն», «Լուսավոր Հայաստան», ՔՊ և ավելի քան 250 ՀԿ-ներ: «Եթե այս համաձայնությունն իրացվի, կդառնա պատմական իրողություն»,- նշեց Լ.Զուրաբյանը` հավելելով, որ քանի դեռ մնում են վարկանիշային ցուցակները, ԸՕ-ն իրենց համար անընդունելի է:

Լ.Զուրաբյանը նշեց, որ եվրոպական կառույցները 8.5 մլն եվրո են տրամադրում, կառավարությունը` 3.5 մլն, մնում է ընդամենը 4 մլն, և եթե իշխանությունն այն չհայթայթի, ապա ստացվում է, որ դրժում է ձեռք բերված համաձայնությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս