Բաժիններ՝

Իսրայելն ու Թուրքիան 6-ամյա թշնամանքից հետո համաձայնել են նորմալացնել հարաբերությունները

Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվել են նորմալացնել հարաբերությունները՝ վերջնականապես կարգավորելով 6-ամյա վաղեմության հակամարտությունը, հայտնում է RIA Novosti-ն:

Համաձայնագիրը նախատեսում է դեսպանների վերադարձ Թել Ավիվ և Անկարա, ստեղծում է նոր հնարավորություններ՝ աջակցություն ցուցաբերելու Գազայի շրջանին, հեռանկարներ է բացում Թուրքիա իսրայելական գազի մատակարարման և Եվրոպայի շուկաներ դրա տարանցման համար, ասվում է երկու երկրների վարչապետերի հայտարարության մեջ:

Երբեմնի ռազմավարական գործընկերները միմյանցից «հեռացել էին» Անկարայում իսլամիստների իշխանության գալով, որոնք թուրքական արտաքին քաղաքականությունը ուղղորդել էին դեպի եվրաինտեգրում ու արաբա-մուսուլմանական աշխարհի հետ կապերի ամրապնդում:

Հարաբերությունների փոխադարձ սառեցման գագաթնակետը դարձավ 2016թ. իսրայելցիների կողմից 9 թուրքերի սպանությունը, որոնք նավով ցանկանում էին ճեղքել Գազայի հատվածի բլոկադան:

Երեկ հրապարակված պայմանավորվածություններն առաջին հերթին վերացնում են այդ առնչությամբ փոխադարձ մեղադրանքները: Իսրայելը դեռ 2013թ. էր ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ: Ներկայում Իսրայելը համաձայնել է 20 միլիոն դոլար վճարել զոհերի հարազատներին և վիրավորների ընտանիքներին՝ որպես փոխհատուցում:

Թուրքիան խոստացել է ընդունել օրենք, որը չեղյալ է հայտարարում օպերացիային մասնակից բոլոր իսրայելցի զինվորների և հրամանատարների նկատմամբ դատական հայցերը:

Փաստաթղթի մասին, որը դարձավ նվազագույնը մեկուկես տարվա բանակցային գործընթացի արդյունք, պատմել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նախօրեին փաստաթուղթը վավերացվել է Հռոմում՝ երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս