Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին փոխհատուցում վճարել խոցված ինքնաթիռի համար
Անկարան պատրաստ է Մոսկվային փոխհատուցել վնասը, որը հասցվել է «Սու-24» ռմբակոծիչը խոցելու հետևանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Նամակի բովանդակությունը հասկանալի է: Մենք մեր ափսոսանքն ենք հայտնել ու անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք: Երկու երկրներն էլ հարաբերությունների նորմալացում են ցանկանում: Կարծում եմ՝ գործերը լավ ընթացք են ստանում»,- ասել է Թուրքիայի վարչապետը TRT հեռուստալիքի եթերում:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահին ուղղված ուղերձում ներողություն է խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցել զոհված օդաչուի հարազատներին, ինչպես նաև հայտարարել, որ Թուրքիան չի ցանկացել փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որին համարում է իր ռազմավարական գործընկերը:
Ընդ որում՝ ռուսական իշխանությունները Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նախապայման էին համարում խոցված ինքնաթիռի փոխհատուցումը: