
ԼՂ հակամարտությունը կքննարկվի ԵԱՀԿ Անվտանգության համաժողովում

Վիեննայում՝ ԵԱՀԿ կենտրոնակայանում, մեկնարկում է Անվտանգության ոլորտի խնդիրների տեսությանը նվիրված ամենամյա համաժողովը, հայտնում է TASS-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, Մոսկվան իր տեսակետը կներկայացնի հարաբերություններում առկա ողջ խնդիրների վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումից մինչև ուկրաինական հակամարտության կարգավորում:
Եռօրյա համաժողովի առանձին նստաշրջան կնվիրվի ԵԱՀԿ տարածքում կոնֆլիկտային իրավիճակներին և դրանց ազդեցությանը տարածաշրջանի վրա:
Առավել խնդրահարույց հարցերի թվում, բացի Ուկրաինայից, որին կնվիրվի առանձին նիստ, կազմակերպությունը առանձնացրել է Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունները:
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ընդգծել է, որ այդ թեմաներով «դեռ պարծենալու բաներ չկան»:
Միաժամանակ, ԵԱՀԿ-ում մատնանշում են «զգուշավոր դրական միտումը», որը նկատվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումներից հետո: