«Ալիևը շանտաժ է անում». «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումը անիմաստ համարելով եւ դրա դիմաց «ադրբեջանական տարածքների» ազատման ժամկետներ ուզելով՝ Ադրբեջանը, ըստ էության, իր դժգոհությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներից եւ ցանկություն հայտնում իր խաղը շարունակել ռուսական կողմի հետ՝ փորձելով խաղի կանոնները թողնել նախկինը, երբ իրեն թույլատրվում էր բանակցություններին զուգահեռ իրականացնել ռազմական սադրանք»,- սանկտպետերբուրգյան հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությունը այսպես մեկնաբանեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

«Այո, Ադրբեջանը փորձում է թանկացնել իրեն։ Ալիեւն ասում է, որ կհամաձայնի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, եթե Հայաստանն ասի, թե այսինչ օրը, այսինչ ժամին վերադարձվելու են տարածքները։ Ցանկացած հարցում իր համաձայնությունը տալը նա փորձում է վաճառել։ Ուզում եմ հավատալ, որ Մինսկի խումբն իր արժանապատվությանը տեր կկանգնի եւ թույլ չի տա, որ Ալիեւն էդպես վարվի։

Ի վերջո, ՄԽ-ն պետք է հասկանա, որ ստախոս պետության հետ բանակցելը խնդիր է։ Շատ արագ եւ հնարամիտ ձեւով խնդիրը պետք է տեղափոխել Ղարաբաղի միակողմանի ճանաչման դաշտ»,- ասաց Սաֆարյանը։

«Ասել, որ դրանով Ադրբեջանը վերջնականապես հրաժարվում է բանակցություններից՝ ճիշտ չէ, որովհետեւ նաեւ համաձայնել է պարբերաբար մասնակցել նախատեսվող հանդիպումներին»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, Ալիեւը շանտաժ է անում, եւ միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի Ադրբեջանի նկատմամբ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս