Բաժիններ՝

Հուլիսի 1-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որն իր հետ կբերի տեղումներ, իսկ ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հունիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 216 դեպքի: Նախարարին զեկուցվեց հունիսի 24-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի հեղեղումների մասին: Վ. Գաբրիելյանը նշեց, որ տվյալ պահին համապատասխան հանձնաժողովը տուժած վայրերում աշխատում է հասցված վնասի չափը ճշտելու համար:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ևս անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 78.000 կրակոց, կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը զգալի կբարձրանա, սպասվում են քիչ տեղումներ՝ հիմնականում երեկոյան ժամերին, սակայն հուլիսի 1-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որն իր հետ կբերի տեղումներ, իսկ ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:

ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Եսայանը զեկուցեց հունիսի 20-25-ը ԱՄՆ Կանզաս նահանգ աշխատանքային այցի արդյունքների մասին, որի գլխավոր նպատակը ծանոթությունն էր արտակարգ իրավիճակների կառավարման ամերիկյան համակարգին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը զեկույցում անդրադարձավ հեղեղումներին, որոնց ընթացքում նկատվել է նաև սողանքային ակտիվացում: Վարչության պետը նշեց, որ շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, իրավիճակը տվյալ պահին վերահսկելի է:

Հեղեղումների մասին զեկուցեցին նաև Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետերը:

Շիրակի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Կարապետյանը նշեց, որ նախնական տվյալներով՝ վնասվել է 11 տուն, տարհանվել են 9 տան բնակիչ, Արթիկի թիվ 2 մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները, վնասվել են նաև 4 հիմնական ճանապարհները, ջրատար ու գազատար խողովակը, էլեկտրասյուներ: Աշխատանքներ են տարվել վնասներն արագ շտկելու ուղղությամբ, ինչպես նաև՝ սելավատարերի համար նոր ուղիներ են փորվել:

Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը զեկուցեց, որ Կարճաղբյուր համայնքում հեղեղը ողողել է գյուղամիջյան ճանապարհները, ցանքերը, տնաﬔրձ հողամասերը, տնտեսությունների անասնագոմերը, նկուղները, վնասել խմելու եւ ոռոգման ջրատարերը: Վնասները շտկելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:

Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ավելի ակտիվացնել հանրային իրազեկման ուղղությամբ տարվող աշխատանքերը, պարբերաբար և հնարավոր բոլոր միջոցներով հասարակությանն իրազեկել հանրապետության տարածքում գրանցվող բնական աղետների մասին՝ հանրության պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս