Անձրևների հետևանքով Վանաձորում 20 տնակ ջրի մեջ է հայտնվել
asparez.am. Վանաձորի Սանկտ Պետերբուրգի թաղամասի բնակիչ Մարգարիտա Խումարյանը հունիսի 23-ին աշխատանքից վերադառնալիս իր տնակը ջրով ողողված է գտել: Հորդառատ անձրեւների հետեւանքով մոտակայքով հոսող Տանձուտ գետը դուրս է եկել ափերից, ողողել ողջ տնակային ավանը նախ դրսից, ապա ներսից:
-Աշխատանքի էի, զանգին, ասին` տունդ գետը տանում է, հասի: Եկա տեսնեմ` ամբողջ տնակս` ջրի մեջ: Քանի ժամ ես ու տղաս ներսի ջուրն ենք դուրս հանել: Տանս հատակը ոնց որ աստիճաններ լինի, էնքան է ջրից խոնավացել, փտել, ուռել, որ էլ ասելու չի,- ասում է նա:
Տիկին Մարգարիտայի տնակի ճակատագրին արժանացել է թաղամասի եւս 20 տնակ: Բնակիչների խոսքով` սա առաջին դեպքը չէ, որ տնակները ջրի մեջ են հայտնվում: Հատկապես գարնանն ու ամռան առաջին ամիսներին անձրեւաշատ Վանաձորում Տանձուտ գետը հաճախ է վարարում եւ պատվարի բացակայության հետեւանքով անարգել դուրս գալիս ափերից:
-Ում ասես դիմել ենք, ոչ մեկը ոչ մի բանով չի օգնում: Քաղաքապետարանում արդեն չեն էլ ընդունում, իմանում են տնակայաին ավանից ենք, ասում են` կամ տեղում չի, կամ զբաղված է: Ասում են` դուք ձեր հարցերը լուծեք: Մենք ո՞նց լուծենք: Առաջ գալիս, հեռվից կանգնում էին, նայում` ոնց է ջուրը մեր տուն լցվել, ափսոսում էին իրենց կոշիկները, առաջ չէին գալիս, որ չթրջվի: Բա մենք ո՞նց ենք էսքան տարի էս պայմաններում ապրում,- սրտնեղում է Մարգարիտա Խումարյանը:
Անձրեւաջրերը ողողել են նաեւ Հերմինե Սարգսյանի տնակը. ջրի մեծածավալ հոսքից փրկվել է միայն մեկ սենյակը:
-Նոր էինք տնակը վերանորոգել: Ամբողջ ջուրը լցվել է զալը, բալկոնը, բաղնիքը: Ամեն անգամ մենք հո չենք կարող վերանորոգենք, կամ էս խոնավության ու կեղտահոտի մեջ ապրենք: Մի հենապատն ի՞նչ է, որ չեն կառուցում. Գետի բերանին ապրում ենք, – ասում է Հերմինեն:
Տնակային ավանի բնակիչների համար իսկական մղձավանջ են դարձել եղանակի կանխատեսումները, որոնք հաջորդող օրերի համար եւս անձրեւ են կանխատեսում:
-Որ իմանում եմ անձրեւ է լինելու, ամբողջ գիշեր չեմ կարողանում քնել: Չորս երեխուս հետ եմ ապրում, լույսն էլ, հեռուստացույցն էլ միացրած եմ թողնում, որ գոնե ձայնից հասկանանք, որ ջուրը գալիս է,- ասում է տիկին Մարգարիտան:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: