ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում ԵՄ երկրներին չհետևել Բրիտանիայի օրինակին
ԱՄՆ-ն Եվրոպա է ուղարկում իր էմիսարին, որպեսզի ազդի ճգնաժամային իրավիճակի վրա, որն ստեղծվել է Բրիտանիայում նախօրեին կայացած հանրաքվեից հետո, տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես նշել են ամերիկացի դիվանագետները, որոնք գտնվում են Հռոմում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պատվիրակության կազմում, երկուշաբթի օրը նրա՝ ավելի վաղ կազմված երթուղուն ավելացել է 2 կետ՝ նախ՝ այց Բրյուսել, որտեղ գտնվում է ԵՄ կենտրոնակայանը, ապա՝ Լոնդոն:
Ինչպես նշել է անանուն դիվանագետը, Քերին կոչ կանի ԵՄ մյուս անդամ երկրներին չհետևել Բրիտանիայի օրինակին, որպեսզի Եվրամիությունը չթուլանա:
Քերին այսօր ժամանել է Հռոմ՝ բանակցելու Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլիոնիի հետ և աշխատանքային ընթրիք անցկացնելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաահուի հետ:
Երկուշաբթի Քերին կմեկնի Բրյուսել՝ արտակարգ բանակցություններ վարելու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ապա Լոնդոնում կհանդիպի Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կաբինետի այլ անդամների հետ:
Վաշինգտոնը չափազանց անհանգստացած է բրիտանացիների՝ ԵՄ-ից դուրս գալու որոշմամբ: