Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Գյումրիում Պապի մատուցած պատարագին
Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են հունիսի 25-ին Գյումրիում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սուրբ պատարագին: Բրիտանական Daily mail-ը գրում է, որ Հայաստանի Գյումրի քաղաքը երկար տարիներ եղել է քրիստոնեության բնօրրան: «Ֆրանցիսկոս Պապը՝ որպես Հայաստան իր եռօրյա այցի մի մաս, այցելեց Գյումրի՝ նրանց հավատքին իր հարգանքի տուրքը մատուցելու»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը 301թ. ընդունել է քրիստոնեությունը, որպես պետական կրոն:
Daily mail-ը մեջբերել է նաև Գյումրիի 20-ամյա բնակչուհի Երանուհի Անտոնյանի խոսքերը, ով ընդգծել է, որ ոգևորիչ է այն հանգամանքը, որ Հռոմի Պապը գնահատում է Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիր լինելը:
The Independent-ը նույնպես անդրադարձել է Հռոմի Պապի՝ Գյումրիում մատուցած պատարագին: Կայքը գրում է, որ Վատիկանը վաղուց Հայաստանը համարում է հավատքի ու նաև տառապանքների ամրոց մուսուլմանական տարածաշրջանում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն: «Ֆրանցիսկոս Պապը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հիշողության անհրաժեշտության մասին բարձրաձայնելուց հետո նույն թեմային անդրադարձավ նաև Գյումրիում, որի կենտրոնական հրապարակում հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ կաթոլիկ աշխարհի առաջնորդի պատարագին մասնակց ելու համար»,- գրում է կայքը: The Independent-ը մեջբերում է նաև Գյումրիի բնակչուհի Արմինե Կարապետյանի խոսքերը, ում համար անակնկալ չի եղել, որ Հայաստանում Հռոմի Պապն արտասանել է Ցեղասպանություն բառը. «Ինձ համար դա անակնկալ չէր, որովհետև նա արդեն այդ բառն արտասանել էր: Բայց հաճելի էր, որ նա Հայաստանում ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը: Հաճելի է, որ աստիճանաբար աշխարհի համար պարզ է դառնում եղելությունը»:
Հեղինակավոր The Wall Street Journal պարբերականն էլ գրել է, որ Հայաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում Հռոմի Պապն այցելել է Գյումրի, որտեղ բավականին մեծ թվով կաթոլիկ հայեր են ապրում: «Վատիկանի տվյալներով, Հայաստանում կաթոլիկ քրիստոնյաների թիվը հասնում է 280 հազարի, ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը»,- գրել է պարբերականը՝ չշրջանցելով նաև հայ-թուրքական փակ սահմանների թեման: «Մինչև Հայաստանից մեկնելը Հռոմի Պապը կայցելի մի վանք, որը շատ մոտ է գտնվում Թուրքիայի հետ սահմանին և որտեղից պարզ երևում է Արարատ լեռը: Պապն ըն դամենը 15 րոպեի հեռավորության վրա կգտնվի հայ-թուրքական փակ սահմանից»,- գրում է պարբերականը:
Reuters գործակալությունն էլ, բավականին լայն անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Հռոմի Պապի կատարած այցին, նշել է, որ զոհերի հիշատակը հարգելուց և պատվո հյուրերի հուշամատյանում գրառում կատարելուց հետո Ֆրանցիսկոս Պապը մեկնել է Գյումրի, որը մոտ է գտնվում Թուրքիայի հետ սահմանին: «Այստեղից տեսանելի է Արարատ լեռը, որտեղ, ըստ Աստվածաշնչի, մեծ ջրհեղեղից հետո իր տապանով հանգրվանել է Նոյը»,- եզրափակում է գործակալությունը: