Մարմարա ծովում երկրաշարժը խուճապ է առաջացրել Ստամբուլում

Թուրքական «Սյոզչու» թերթի փոխանցմամբ՝  Ստամբուլ քաղաքն այսօր արթնացել է Մարմարա ծովում երկրակեղեւի 4,4 ուժգնությամբ ցնցմամբ: Երկրաշարժից հետո խուճապի մատնված բազմաթիվ քաղաքացիներ բողոքել են, որ իրենց շենքերից «կառույցների անվտանգությանը սպառնացող որոշ ձայներ լսվել»:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովում` Յալովա քաղաքին մոտ:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների` կատարված հետազոտությունների համաձայն, Ստամբուլի` հատկապես բնակելի շենքերի 90 տոկոսը չի համապատասխանում երկրաշարժի հրահանգին:

Թուրքիայի ճարտարապետների պալատի կողմից 1030 նախագծերով կատարված հետազոտության համաձայն, շենքերի մեծ մասը չի համապատասխանում շինարարական նորմերին:

Մյուս կողմից, երկրաշարժերի հետազոտություններ անցկացնող ֆրանսիական Le Suroit նավի զեկույցի համաձայն, Ստամբուլում հնարավոր ուժգին երկրաշարժում ամենամեծ վնասը կկրի Բաքըրքյոյ թաղամասը:

Նշվում է, որ ուժգին երկրաշարժի դեպքում Մարմարա ծովի ալիքների բարձրությունը կարող է հասնել 7-8 մետրի, ինչի արդյունքում ափամերձ բնակավայրերն ու կղզիները խիստ կտուժեն:

Թուրքական եւ միջազգային երկրաշարժագիտական կենտրոնները Ստամբուլում մինչեւ 2050 թվականը ուժգին երկրաշարժեր են կանխատեսել: Նշվում է, որ եթե Մարմարա ծովում, որտեղով անցնում է երկրաշարժային խոշորագույն իջվածքը, 7-ից բարձր ուժգնությամբ երկարաշարժեր տեղի ունենան, ապա Ստամբուլի որոշ շրջաններ պարզապես կավերվեն, իսկ քաղաքը մոտ 70-80 տոկոսով կվնասվի:

Տեսանյութեր

Լրահոս