«Հռոմի Պապն ասում է «այլևս երբեք» այնպիսի ողբերգություններին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունն է». Reuters
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան շարունակում է մնալ աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
«Հռոմի Պապն ասում է «այլևս երբեք» այնպիսի ողբերգություններին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունն է». այս խորագրով է լուրը հրապարակել հեղինակավոր Reuters-ը: «Թախծոտ Ֆրանցիսկոս Պապը «ցավը սրտում» հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականին կոտորված 1.5 միլիոն հայերի հիշատակին, մի իրողություն, որը նա որակում է որպես Ցեղասպանություն` ռիսկի տակ ունենալով Թուրքիայի զայրույթը»,- գրել է լրատվամիջոցը: Այն նշել է, որ թեպետ նախօրեին Պապը կիրառել էր «ցեղասպանություն» եզրույթը, սակայն մինչև հիմա պաշտոնական Անկարան որևէ արձագա նք չի տվել:
«Երբեք մի մոռացեք. Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում աշխարհին «չարիքին հաղթել բարով»` հարգանքի տուրք մատուցելով այն հայերի հիշատակին, ովքեր կոտորվեցին օսմանյան ժամանակաշրջանի ցեղասպանության ժամանակ». այս տողերով է սկսում հոդվածը բրիտանական Daily Mail-ը: Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցելությանը` լրատվամիջոցը, որը մեջբերում է Պապի արած գրառումը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո հյուրերի մատյանում, գրում է. «Նա անմար կրակի մոտ կանգնեց խոնարհված գլխով, լուռ աղոթքի մեջ»:
Մալթայական The Independent-ը գրում է, որ հուշամահալիր այցելած Քահանայապետը պահանջել է, որ «աշխարհը երբեք չմոռանա օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած հայերի կոտորածը: Նա հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության հուշամալիրում այն բանից հետո, ինչ կոտորածն անվանեց ծրագրավորված ցեղասպանություն, որը նպատակ ուներ ոչնչացնելու մի ամբողջ ժողովրդի»:
Ամերիկյան Wall Street Journal-ը նշել է, որ Ցեղասպանության հուշահամալիր այցելության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է վերապրածների ժառանգների հետ: Լրատվամիջոցը մեջբերել է Պապի գրառումը հուշամատյանում. «Թող այլևս երբեք չլինեն նման ողբերգություններ»:
«Ազատություն» ռադիոկայանը ևս իր լուրը կառուցել է Պապի պատգամի վրա` վերնագրելով «Աշխարհը պետք է երբեք չմոռանա Հայոց ցեղասպանության զոհերին»: «Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,- լրատվամիջոցը մեջբերել է Սրբազան Քահանայապետի խոսքերը:
ABC News-ը գրել է, որ Ֆրանցիսկոսը ծաղկեպսակ է թողել և աղոթել է Ծիծեռնակաբերդում: Լրատվամիջոցը նշել է, որ Քահանայապետը կարճատև զրույց է ունեցել այն որբերի ժառանգների հետ, ովքեր 20-րդ դարասկզբին Հռոմում ապաստանել են պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում: