«Հայաստանի համար որևէ արգելք չկա»

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, այն ինչ անում է Մեծ Բրիտանիան, դրանով օրինականացնում է փաստացի առկա գործընթացները: Նրա խոսքով, ասել, թե Մեծ Բրիտանիան խորը ինտեգրված է Եվրամիությունում՝ արմատապես սխալ է:

«Մեծ Բրիտանիան հակված է եղել ԱՄՆ-ի հետ ծավալել ավելի սերտ ռազմավարական դաշնակցային գործընթաց և գրեթե ամեն բնագավառում իր առանձին դիրքորոշումն է ունեցել, որը բնավ համահունչ չի եղել ԵՄ-ի հետ: Օրինակները բազմաթիվ են, շենգենյան գոտուն չի միացել, միասնական արժույթը չի ընդունել` պահպանելով ֆունտ սթեռլինգի դիրքերը և այլն: Իհարկե, ֆինանսական շուկայում, արժեթղթերի շուկայում տիրող խառնաշփոթը հասկանալի է, չէր կարող անհաղորդ մնալ այդ գործընթացից, բայց կարծում եմ, որ դա ժամանակավոր բնույթ կկրի»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Թաթուլ Մանասերյանն` ընդգծելով, որ Մեծ Բրիտանիային էլ որևէ բան չի կարող լինել, այն հզոր կայսրություն է և տնտեսական առումով պահպանում է իր դիրքերը: Նա ֆունտի ու եվրոյի, ինչպես նաև հումքի գների անկումը ժամանակավոր է համարում, և դա չի էլ կապում միայն այս իրողությունների հետ:

Ըստ նրա` կան այլ խորքային երևույթներ, եվրոյի ու դոլարի միջև մրցակցությունը լինելու է մշտապես:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Մանասերյանը նշել է, որ Հայաստանի համար որևէ արգելք չկա, մեր երկիրը շարունակում է զարգացնել հարաբերությունները թե Մեծ Բրիտանիայի, թե Եվրամիության, թե Եվրամիության առանձին երկրների հետ:

«Պարզապես արտաքին քաղաքական առումով պետք է նկատի ունենալ, որ լինելով ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, նոր իրողությունները ստիպում են, որ Մեծ Բրիտանիան ավելի կոնկրետ, հստակ դիրքորոշում որդեգրի, հատկապես երբ սրվում է պայքարը դոլարի և եվրոյի միջև»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս