«Եվրո 2016». Ամենահաջողակ և անհաջողակ թիմերի մրցավեճը՝ Խորվաթիա-Պորտուգալիա խաղում
«Եվրո 2016»-ի` 1/8 եզրափակիչ 1-ին խաղային օրը կեզրափակի Պորտուգալիա-Խորվաթիա հանդիպումը: «Արմենպրես»-ը ներկայացնում է առաջին խաղային օրվա կենտրոնական մրցավեճի նախախաղային տեսությունը:
Խորվաթիայի ազգային հավաքական: «Եվրո 2016»-ում Խորվաթիայի հավաքականը ամենատպավորիչ ընտրանին է այս պահի դրությամբ: Անտե Չաչիչի թիմը կազմված է համաշխարհային ֆուտբոլի ամենավառ գերաստղերից: Պաշտպանությունում հիանալի են համագործակցում` Վեդրան Չորլուկան և Դարիո Սռնան: Խորվաթիայի հավաքականի եզրային պաշտպանը այնքան է սիրում իր հավաքականին, որ նույնիսկ հոր մահը նրան չստիպեց լքել հավաքականի ճամբարը: Սռնան մնաց և իր թիմին առաջնորդում է Ֆրանսիայում: Էլ ավելի աստղային է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանությունը: Ռեալաբարսելոնա կան կիսապաշտպանական դուետը` Մեդրիչ-Ռակիտիչ, մի կողմ դնելով ակումբային հետաքրքրությունները արարում են Խորվաթիայի հավաքականի նոր ֆուտբոլային պատմությունը: Ֆուտբոլիստների գոլերը խմբային փուլում Խորվաթիայի հավաքականի համար հաղթանակի արժեք ունեին: Հարձակման գծում խորվաթներին առաջնորդում են `Իվան Պերիշիչը, Նիկոլա Կալինիչը և Մարո Մանջուկիչը:
«Եվրո 2016»-ի խմբային փուլը Խորվաթիան սկսեց Թուրքիայի հավաքականի դեմ խաղով: Խորվաթիան ուներ դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ, սակայն կարողացավ ընդամենը մեկ անգամ Վոլկան Բաբաջանին ստիպել գնդակ դուրս բերել սեփական դարպասից: Լուկա Մոդրիչը հեռահար կրակոցով որսաց Թուրքիայի հավաքականին: Չեխիայի հետ դիմակայությունը համեմվեց երկակի զգացողություններով: Խորվաթիան մինչև խաղավարտը հաղթում էր 2 գնդակի տարբերությամբ, սակայն ստադիոնում խորվաթ երկրպագուները անկարգություններ սկսեցին, հանդիպումը դադարեցվեց, իսկ վերսկսվելուց հետ ո Խորվաթիան 2 գնդակ բաց թողեց: Վերջին տուրում Մարո Մանջուկիչի և Լուկա Մոդրիչի բացակայությամբ Խորվաթիան սենսացիոն հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Վառ ու գեղեցիկ ֆուտբոլը Խորվաթիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակիցը Պորտուգալիայի ընտրանին է:
«Մենք խաղալու ենք հիանալի երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված Պորտուգալիայի հավաքականի հետ: Ճիշտ է խմբային փուլում Պորտուգալիան այդքան էլ վառ արդյունքներ չունեցավ, այնուամենայնիվ, նրանք բոլոր խաղերում առավելություն ունեին: Պորտուգալիայի հետ դիմակայությունը շատ դժվար պայքար է խոստանում»,-ասել է Խորվաթիայի հավաքականի մարզիչ Անտե Չաչիչը:
Պորտուգալիայի ազգային հավաքական: Պորտուգալիայի հավաքականը «Եվրո 2016»-ի մեկնարկից առաջ համարվում էր մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը: Եվրոպայի առաջնության խմբային փուլը սկսվեց, ավարտվեց, սակայն Պորտուգալիան այդպես էլ չցուցադրեց այն խաղը, որը սպասում էին ֆուտբոլասերները: Պորտուգալիայի հավաքականի խնդիրները սկսվում են չափազանց անկայուն խաղ ցուցադրող կենտրոնական պաշտպաններից: Ռիկարդու Կարվալյուն և Պեպեն ձախողեցին «Եվրո 2016»-ի խմբային մրցաշարը: Կիսապաշտպանությունում ևս գործերը այդքան էլ հաջող չէին դասավոր վում: Ժոաո Մուտինյուն չի արդարացնում Ֆեռնանդու Սանտուշի սպասելիքները, իսկ ահա Ռենատու Սանշեշը քիչ խաղաժամանակ է տանում Ֆրանսիայում: Պորտուգալիայի հավաքականում բոլոր խաղերում ամենակայունը հանդես եկավ Նանին: Ֆուտբոլիստը իր ակտիվում ունի 2 հեղինակած գնդակ: Հավաքականին խմբային փուլից հրաշքով կարողացավ հաջորդ փուլ հանել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալ»-ի ֆուտբոլիստը նախ ձախողեց առաջին 2 հանդիպումները` դառնալով Պորտուգալիայի հակահերոսը, ապա վերջին խաղում պարզապես հերոսացավ: Ռոնալդուն իր ետևից կփորձի տանել ամբողջ հավաքականին:
«Եվրո 2016»-ը Պորտուգալիայի ընտրանին սկսեց Իսլանդիայի հետ խաղով: Իսլանդիան կարողացավ իր մեջ ուժ գտնել և հանդիպումը հասցնել ոչ-ոքի ավարտի: Հաջորդ մրցակիցը Ավստրիայի ընտրանին էր: Պորտուգալիան կրկին ձախողվեց, իսկ Ռոնալդուն չիրացրեց 11 մետրանոց հարվածը: Վերջին տուրում Պորտուգալիան մրցեց Հունգարիայի հետ: Ամբողջ խաղի ընթացքում Հունգարիան առաջ էր անցնում հաշվի մեջ, իսկ Ռոնալդուն Պորտուգալիային փրկում:Այս ամենը ավարտվեց 3-3 հաշվով և միայն լրացուցիչ ցուցանիշներով «Եվրոպական բրազիլացիներ»-ը անցան 1/8 եզրափակիչ:
«Թվերը և վիճակագրությունը ոչինչ չեն ասում: Կհանդիպեն երկու հզոր հավաքականներ: Խորվաթները անհավանական ուժեղ են, բայց մենք նրանց հեշտ կյանք չենք խոստանում: Համոզված եմ հանդիպումը հիանալի է ստացվելու և մենք հաղթելու ենք այս խաղում»,-ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը:
Խորվաթիա-Պորտուգալիա: Խորվաթիայի և Պորտուգալիայի հավաքականները միմյանց դեմ 3 հանդիպում են անցկացրել: Պորտուգալիան ունի բացահայտ առավելություն: 3 դեպքերում էլ «չոր» հաշիվներով հաղթել է Պորտուգալիան: 1993 թվականին 3-0, 2005-ին՝ 2-0 և 2013-ին՝ 1-0: Հանդիպումը վարելու իսպանացի մրցավար Կարլոս Վելասկո Կարբալիոն: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով `ժամը 23:00-ին:
Հեղինակ` Արմեն Մանուկյան