Բաժիններ՝

Հռոմի Պապը կրկին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը. արձագանքում են թուրքական ԶԼՄ-ները

Հռոմի պապը կրկին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը. հենց այս գլխագրով թուրքական լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին և նախագահական նստավայրում ունեցած ելույթի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը:

Ինչպես հաղորդում է , թուրքական Hürriyet պարբերականը լուրը հրապարակել է հետևյալ վերնագրով. «Եվս մեկ անգամ կիրառեց այդ բառը»: Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր ելույթում Հռոմի Պապը շեղվել է նախապես պատրաստած տեքստից և 1915 թվականի ողբերգությունն անվանել է Ցեղասպանություն: Պարբերականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում կազմակերպված արարողության ժամանակ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել էր եզրույթը` ասելով. «Հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը հայերի հետ է տեղի ունեցել»: «Հուրիեթ»-ը գրել է, որ այդ դեպքից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով վերադարձել էր պաշտոնին միայն 10 ամիս անց:

Milliyet պարբերականնն ընթերցողներին Հռոմի պապի այցի մասին լուրը տվել է հետևյալ վերնագրով. «Մեկ տարի անցավ… Պապը նորից նույնն արեց»: Թուրքական այս լրատվամիջոցը ևս արձանագրել է այն փաստը, որ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն անտեսել է նախապես պատրաստված տեքստն ու իր ելույթում կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը:

«Հայաստան այցելած Ֆրանցիսկոս Պապը կրկին 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն է որակել». հենց այս տողերով է լուրը հրապարակել գերմանական Deutsche Welle լրատվականի թուրքական ծառայությունը` հիշեցնելով 2015 թվականին Վատիկանում Պապի ելույթը: Լրատվամիջոցը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ սա Ֆրանցիսկոս Պապի 14-րդ արտերկրյա այցելությունն է, իսկ Հայաստանը դարձել է նրա առաջին կանգառը տարածաշրջանում: Deutsche Welle -ն հիշեցրել է, որ սեպտեմբերին ակնկալվում է Ֆրանցիսկոսի այցը Վրաստան և Ադրբեջան: Լրատվամիջոցը նշել է, թե այցի ընթացքում ամենաուշա գրավ հարցերից մեկն այն է, թե արդյոք Ֆրանցիսկոսը կմեղմացնի հայ-ադրբեջանական հարաբերությունները:

«Հռոմի Պապը երրորդ անգամ կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը». այս մասին գրում է թուրքական T24 լրատվամիջոցը` նշելով, որ նախքան այցի մեկնարկը Վատիկանից եկող ազդակները խոսում էին այն մասին, որ այս անգամ Ֆրանցիսկոսը կխուսափի եզրույթի կիրառումից:

Թուրքական մեկ այլ լրատվամիջոց` CNN Turk-ը, մեջ է բերել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի խոսքերը. «Այդ ցեղասպանությունը դարձավ անցյալ դարի անմարդկային աղետների առաջին օղակը»: Լրատվամիջոցը նշել է, որ եզրույթի կիրառումը դեռևս անցյալ տարի լարել էր Թուրքիա-Վատիկան հարաբերությունները: CNN Turk-ը փաստել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Պապի ելույթին պաշտոնական Անկարան դեռևս որևէ արձագանք չի տվել:

Diken լրատվամիջոցը գրում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս Պապը «Մեծ Եղեռն» բառերից հետո կիրառել է «Ցեղասպանություն» եզրույթը: Լրատվականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում պատարագի ժամանակ եզրույթի կիրառումից հետո Պապի խոսքերի քննադատությամբ էին հանդես եկել ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Սկանդալային հայտարարություն Պապից… Չնայած տեսքտում չլինելու հանգամանքին, Պապը Հայաստանում էլ ասաց ցեղասպանություն». այսպես է լուրը հաղորդել թուրքական Sabah-ը:

Պապի այցին և Ցեղասպանություն եզրույթի կիրառմանը նմանօրինակ հրապարակումներով են անդրադարձել նաև Haberler-ը, Al Jazeera-ի թուրքական ծառայությունը, BBC Turk-ը, NTV-ն, Yeni Şafak-ը, Aksam-ը և շատ այլ լրատվականներ:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելով նախապես պատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը:

Մասնավորապես, Պապն իր ելույթում ասել է. «Մեծ Եղեռնը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս