Գյումրիում խանդավառություն է. մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագը. ուղիղ
Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվող Սուրբ Պատարագը:
Պատարագին աղոթակցելու է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, համապատարագելու են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոսպատրիարք տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:
«Արմենպրես»ի թղթակիցը հաղորդում է, որ Գյումրին բարձր տրամադրությամբ է դիմավորում կաթոլիկ աշխարհի առաջնորդին: Չնայած քաղաք մտնող և կենտրոնական հրապարակ մտնող ճանապարհները փակ են, սակայն դա չի խանգարում տասնյակ հազարավոր հավաքվածների խանդավառությանը:
Այս պահին արդեն Գյումրիում են հազարավոր ուխտավորներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից: Մինչև ուշ գիշեր քաղաք են ժամանել հայ կաթողիկե ուխտավորներ ՌԴից, Ուկրաինայից, Վրաստանից:
«Հոկտոմբեր» կինոթատրոնում բացված մամուլի կենտրոնում հարյուրավոր լրագրողներ են: Մտավախությունը, որ բեմը պատրատ չի լինի պապի այցին,
առավոտյան ի չիք է դարձել, ողջ գիշեր բոլոր ընկերություններն աշխատել են և խորանն արդեն պատրաստ է: Պատարագը կկատարվի լատինական ծեսով` ուղեկցվելով նաև հայկական շարականներով:
Ավելի ուշ նախատեսում է Հռոմի պապի հանդիպումը Սբ. Տիրամայր Հայաստանի կուսանոցում, համայն կաթոլիկների առաջնորդը կայցելի Սուրբ
Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար, կլինի նաև Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցում:
Հունիսի 24 ին եռօրյա այցով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը: Սրբազան քահանայապետը ժամանեց ՀՀ նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց ունեցավ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Պապը հանդես եկան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական
կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:
Հունիսի 25ի վաղ առավոտյան Սրբազան քահանայապետն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Օրվա ընթացքում
Սրբազան քահանայապետը Գյումրիից կվերադառնա Երևան և Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան: Հունիսի 26ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան
քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար: