
Պուտինը պատասխանել է Դևիդ Քեմերոնին. «Դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մշակույթի ցածր մակարդակի դրսևորում»

Ռուսաստանը ոչ մի կերպ չէր միջամտում, չի միջամտում եւ չի պատրաստվում միջամտել Մեծ Բրիտանիայի ընտրությանը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավարտել է իր այցը Տաշքենդ, որտեղ կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ղեկավարն այն կարծիքին է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի այն խոսքերը, թե ԵՄ-ից երկրի դուրս գալուց «Պուտինը երջանիկ կլինի», Մեծ Բրիտանիայի հանրային կարծիքի վրա ազդելու ոչ կոռեկտ փորձ է:
«Կարծում եմ՝ դա ոչ այլ ինչ է, քան սեփական երկրում հանրային կարծիքի վրա ազդելու ոչ կոռեկտ փորձ: Բայց, ինչպես մենք տեսնում ենք, նույնիսկ դա ցանկալի արդյունք չտվեց: Իսկ առավել եւս քվեարկությունից հետո հայտարարել Ռուսաստանի ինչ-որ դիրքորոշման մասին, ըստ իս, ոչ ոք իրավունք չունի: Դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մշակույթի ցածր մակարդակի դրսեւորում»,- ասել է Պուտինը:
Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքն արտացոլում է դժգոհությունն անվտանգության վիճակից եւ մյուս տնտեսություններին սուբսիդավորել չցանկանալը»,-հավելել է ՌԴ նախագահը: