Հենրիխ Մխիթարյանի «տրանսֆերային սագան» շարունակվում է
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը շարունակում է մնալ ամառային տրանսֆերային պատուհանի ամենաքննարկված հարցերից մեկը ֆուտբոլային աշխարհում: Հենրիխի հնարավոր տեղափոխությունների մասին գրեթե ամեն օր իրենց առաջին էջերում գրում են միջազգային ամենահեղինակավոր պարբերականները և լրատվական միջոցները: Հունիսի 23-ին միջազգային մամուլը ողողվեց տեղեկատվությամբ, ըստ որի bleacherreport-ը՝ հղում անելով «Daily Mirror»-ին, հայտնում է, որ Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Պարբերականի փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարել է 40 միլիոն եվրո: Ինֆորմացիան տարածվեց, սակայն ֆուտբոլիստի տեղափոխության մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռ չկա: եվ թե որտեղ է շարունակելու հայ մարզիկը իր միջազգային կարերան՝ դեռ ոչ-ոքի հայտնի չէ:
Հայազգի երիտասարդ, հեռանկարային գերաստղի մասին ասեկոսեները սկսեցին մամուլում շրջանառվել դեռ 2015-2016 թվականի մրցաշրջանի սկզբում: Թուրինի «Յուվենթուս»-ը, բաժանվելով թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկից` Անդրեա Պիրլոից, Մխիթարյանին դիտարկում էր որպես ակումբն ուժեղացնելու գլխավոր թեկնածուի: Այս մասին ինֆորմացիան հայտնվեց իտալական ամենահեղիանակվոր «La Gazzetta dello Sport»-ում:
«Բորուսիան» հայտարարեց, որ Մխիթարյանի տրանսֆերը չէի վաճառվում: Հենրիխը մնաց Դորտմունդում և Թոմաս Թուխելի օրոք դարձավ «Բորուսիա»-ի հիմնական կազմի անփոխարինելի ֆո ւտբոլիստ, իսկ հետո նաև թիմի իսկական առաջատար: Մրցաշրջանի ընթացքում խոսակցությունները չէին դադարում, իսկ Հենրիխն ամեն օր ապացուցում էր, որ կարող է ավելի լավ հանդես գալ: Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում 52 հանդիպման մասնակցեց՝ դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանը ավարտվեց, և սկսվեց Մխիթարյանի ամենաիրական «տրանսֆերային սագա»-ն: Առաջին ակումբները, որ սկսեցին հետաքրքրվել Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, «Յուվենթուս»-ը, «Արսենալը» և «Չելսին» էին:
«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, բարձր գնահատելով Հենրիխ Մխիթարյանի խաղը, ցանկանում էր հայ ֆուտբոլիստին տեսնել իր թիմում: Թուրինյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար առաջարկում էր 20 միլիոն եվրո: «Tuttosport» պարբերականը, որը մշտապես առանձնանում է «Յուվենտուս»-ի նկատմամբ ունեցած համակրանքով, գրեց հետևյալը. «Յուվե»-ի ղեկավարությունը ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլայի հետ լրջորեն ուսումնասիրում է տրանսֆերային շուկան. մեր թիմին անհրաժեշտ է հարձակողական ոճի կիսապաշտպան: Դորտմունդի «Բորուսիա»-ի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լավագույն տարբերակներից է մեզ համար»:
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան էլ «Fotball Italia»-ին հայտնեց, որ հայ ֆուտբոլիստը կցանկանա հանդես գալ «Յուվենթուս»-ում:
ՙՅուվենթուս՚ տեղախոխության թեման շարունակում էր արծարծվել, և Մխիթարյանի համար պայքարի մեջ մտան անգլիական գրանդ ակումբները: Անգլիայի առաջնությունում պայքարը տանուլ տալուց հետո Արսեն Վենգերն սկսեց լրջորեն թիմը ուժեղացնելու ուղիներ որոնել: Ընտրությունը կանգ առավ Հենրիխ Մխիթարյանի վրա: Անգլիական հեղինակավոր պարբերականներից «The Sun»-ը, «Times»-ը, «Daily Mirror» -ը իրենց հոդվածներում գրեցին, որ Արսեն Վենգերի թիմը հայազգի ֆուտբոլիստի համար առաջարկում է 30 միլիոն եվրո: «Արսենալը» չէր հասցրել իր քայլերը ձեռնարկել, երբ պայքարի մեջ մտավ անգլիական մյուս գրանդը` Լոնդոնի «Չելսին»: Գերմանական Bild-ը հայտարարեց, որ ազնվականները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 60 միլիոն եվրո: Հետագայում խոսակցություններն աստիճանաբար մարեցին, և սկսվեց լրջագույն պայքարը Դորտմունդի «Բորուսիա»-ի և անգլիական ամենատիտղասավոր ակումբի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև:
Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան sport1.de-ին հայտնեց, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն «Բորուսիա»-ն չի կատարում իր խոստումը:
«Մի քանի շաբաթ առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը Միկիին խոստացել է, որ ամռանը նա կկարողանա այլ թիմ տեղափոխվել: Բայց նրանք, ինչպես երևում է, վախեցել են սեփական երկրպագուներից և հանկարծ սկսել են խոսել այն մասին, որ Հենրիխը պետք է մինչ պայմանագրի ավարտը (2017 թվականի ամառ) մնա թիմում: Դա շատ վատ որոշում է»,-Ասել է Ռայոլան:
«Յունայթեդը» Մխիթարյանի համար 1-ին առաջարկով պատրաստ էր վճարել 24 միլիոն եվրո և տարեկան տրամադրել 10 միլիոն եվրո աշխատավարձ: Այս մասին հաղորդում էին գերմանական Bild և Kicher պարբերականները: «Բորուսիա»-ի ղեկավարուրությունը շարունակեց համառորեն մերժել առաջարկը:
Մխիթարյանի հարցով բանակցությունները և խոսակցություները շարունակվեցին, և եղավ հաջորդ առաջարկը: «Mirror Sport»-ը հաղորդեց, որ Մխիթարյանի համար առաջարկվում է 36.5 միլոն եվրո: «Բորուսիա»-ն կրկին մերժեց առաջարկը՝ ֆուտբոլիստի համար պահանջելով 40 միլիոն եվրո: Հայտարարությունը հրապարակեց գերմանական «Kicher»-ը: Սկսվեցին հակասությունները ֆուտբոլիստի գործակալի և «Բորուսիա»-ի միջև: «Յունայթեդ»-ը հույսը չէր կորցնում, և արդեն երեկ եղավ առաջարկ 40 միլիոն եվրոյի տեսքով: Այս մասին հաղորդեց bleacherreport-ը՝ հղում անելով «Daily Mirror»-ին: Պարբերականը նաև նշեց, որ ակումբները հասել են համաձայնության, և հայ ֆուտբոլիստը հանդես կգա մառախլապատ Ալբիոնում: Ըստ պարբերականի, Մխիթարյանն արդեն վաղը բուժզննում կանցնի ՙՄանչեսթեր՚-ում:
Խոսակցությունները շարունակվում են, իսկ կողմերը դեռ պաշտոնական հայտարարություններ չեն կատարում: Ակումբների պայքարի մասին լուրերը այս պահին դեռ շարունակում են արդիական մնալ:
Արմեն Մանուկյան