«Brexit-ից հետո ԵՄ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի ԱլԳ երկրներին, քանի որ նրանք են ԵՄ ապագան». Գելա Վասաձե

«ԵՄ-ն պետք է դասեր քաղի Բրիտանիայում տեղի ունեցած քվեարկության արդյունքներից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն՝ գնահատելով բրիտանացիների՝ Եվրոպական միությունը լքելու որոշումը հանրաքվեի միջոցով:

Հիշեցնենք, որ նախօրեին անցկացված ընտրությունների արդյունքում Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն, Brexit-ի օգտին վերջնական արդյունքը 51.9 տոկոս է։ «ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկել է 17 մլն 410 հազար 742 ընտրող, անդամակցությունը պահպանելու օգտին՝ 16 մլն 141 հազար 241 ընտրող»,- ասել է Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մասնակցությունը կազմել է 72.2 տոկոս:

Գելա Վասաձեն փորձեց պարզաբանել, թե ինչ է նշանակում տեղի ունեցածը Բրիտանիայի և Եվրոպական միության համար, և ինչ նոր էջ է սկսվում Բրիտանիայի և Եվրոպական միության ներքին ու արտաքին քաղաքական կյանքում: Նա նշեց, որ այս քվեարկությունը կատաստրոֆիկ հետևանքներ չի ունենալու ո՛չ Բրիտանիայի, ո՛չ Եվրոպական միության համար: «Վստահ եմ, քանի որ ԵՄ-ն բազում ձևաչափեր ունի ոչ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության, որոնք մեծ հաջողությամբ կիրականացվեն: Ի դեպ, Մեծ Բրիտանիան բոլոր այս ձևաչափերում ներառված է, Մեծ Բրիտանիան շենգենյան գոտու անդամ չէ, եվրագոտու անդամ չէ, հաշվի առնելով այս հանգամանքները՝ այդ գործընթացն ավելի թեթև կանցնի»,- ասաց Վասաձեն:

Վերջինիս կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի շրջանների քվեարկությունն է հետաքրքիր պատկեր ուրվագծում՝ Անգլիայում, որտեղ ամենամեծ մուտքերն ու ելքերն են դեպի ԵՄ, արդյունաբերական կենտրոնները՝ Լիվերպուլը, Մանչեսթերը, Լիդսը, Հարավային Անգլիան, Լոնդոնը, քվեարկել են՝ ի օգուտ ԵՄ անդամակցության, իսկ կոնսերվատիվ Անգլիան քվարկել է ԵՄ անդամակցությունը դադարեցնելու օգտին:

«Առաջին հերթին, ինչպես ինձ է թվում, այդ որոշումը պայմանավորվեց շարքային բրիտանացու վախով միգրացիոն ճգնաժամից, որի վտանգն իսկապես առկա է, շարքային քաղաքացիները վախենում են, որ Բրյուսելն իր կամքը կփաթաթի շարքային քաղաքացիների վզին, սա կարևոր հանգամանք է: Այսինքն՝ բրիտանացիներն արտահայտվեցին սեփական երկրի ինքնիշխանության օգտին: Այս իմաստով՝ կարծում եմ, որ ԵՄ-ն դասեր պետք է քաղի, երբ փորձում է կարգավորումներ սահմանել ԵՄ անդամ երկրների համար, քանի որ դա, ինչպես ցույց տվեցին այս քվեարկության արդյունքները, կարող են բարձրացնել այս կամ այն երկրի բնակիչների բողոքը, որը նման հետևանքներ կարող է ունենալ: Մարդիկ ունենում են անպաշտպանության զգացում՝ հատկապես, երբ եվրոպական չինովնիկներին չեն ընտրում, այսինքն՝ Բրիտանիայի քաղաքացին հասկանում է, որ իրենից կախված է ինչ որ բան ազգային մակարդակում, բայց կախված չէ ավելի բարձր մակարդակում, քանի որ չինովնիկն իրեն պարտադրում է ինչ որ բան, որն իր համար անընդունելի է»,- ասաց Վասաձեն: Ըստ վրացի վերլուծաբանի՝ միգուցե այլ ԵՄ երկրների մտքով անցնի գնալ այս ուղով, բայց ոմանց մտքով էլ չի անցնի, այսօր ԵՄ անդամակցություն ցանկացողների թիվը շատ ավելի շատ է, քան ԵՄ-ն լքել ցանկացողների թիվը: «ԵՄ-ում ձախերի գաղափարախոսությունը բավականին ամուր հիմքեր ունի, և խոսել այն մասին, որ նրանք կհրաժարվեն իրենց սկզբունքներից այն պատճառով, որ Բրիտանիան ասաց՝ «ոչ», շատ դժվար է, թեև փոխել իրենց մտածելակերպը նրանք ստիպված կլինեն»,- նկատեց Վասաձեն:

Վրացի վերլուծաբանը պարզաբանեց, թե ինչ հետևություններ պետք է անեն տեղի ունեցածից Արևելյան գործընկերության մաս կազմող երկրները, ինչպես Վրաստանն ու Հայաստանն են: Ըստ նրա, ոչ Վրաստանը, ոչ Հայաստանը ԵՄ-ի հետ սերտ համագործակցությանն ու ԵՄ ինտեգրմանն այլընտրանք չունեն և չեն կարող ունենալ: «Դա մեր ապագան է, որքան շուտ մենք հասնենք այդ ապագային, այնքան լավ կլինի, այլ հարց է, թե մեզ պե՞տք է արդյոք ԵՄ լիիրավ անդամակցություն, թե՞ ոչ, թե մեզ անհրաժե՞շտ է մասնակցություն ԵՄ ինտեգրացիոն պրոյեկտներին, թե՞ ոչ, դա արդեն ազգային մակարդակում քննարկվելիք և որոշվելիք հարց է, բայց, որ մեր ապագան Եվրոպան է, միանշանակ է, և կասկածներ չպետք է լինեն, եթե գոնե մենք ցանկանում ենք, որպեսզի մեր ապագան լավը լինի: Այսինքն՝ պետք է այսուհետ ևս ընթանանք ԵՄ-ի հետ ինտեգրացիայի ուղով»,- ասաց Վասաձեն:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հարևանության քաղաքականությունը ԵՄ-ն անուշադրության մատնի՝ կրկին կենտրոնանալով ԵՄ ներքին խնդիրների վրա, որոնք վերջին տարիներին այս պրոյեկտը չզարգացնելու առաջին պատճառներից են եղել, Վասաձեն պատասխանեց՝ ասելով, որ, ընդհակառակը՝ ԵՄ-ն կմեծացնի իր ուշադրությունը ԱլԳ երկրների նկատմամբ՝ հասկանալով, որ այս երկրներում է ԵՄ ապագան: «Բրիտանիան կարող է իրեն թույլ տալ լքել ԵՄ-ն, բայց մեր երկրները չեն կարող իրենց թույլ տալ ԵՄ-ից հեռանալու շռայլություն, այս երկրներն են, որ պետք է շարունակեն զարգացնել ԵՄ-ն»,- ընդգծեց Վասաձեն:

Տեսանյութեր

Լրահոս