Ստվարաթղթե տանկով ակցիա իրականացրած ակտիվիստն արդարացվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրեց ակտիվիստ Արտակ Գևորգյանին: Այսօր դատարանում գործով մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից:
Մեղադրողն ասաց, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները: Դատախազը հայտարարեց ամբաստանյալի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մեղադրանքից հրաժարվելու մասին:
Նշենք, որ Արտակ Գևորգյանին «մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, այն է` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01:30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով»: