Բաժիններ՝

Բրյուսելում կոչ են արել Բրիտանիային որքան հնարավոր է արագ սկսել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը

Եվրամիության առաջնորդները համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին որքան հնարավոր է արագ սկսել ԵՄ-ից դուրս գալու որոշման իրականացումը, որը հավանության էր արժանացել հանրաքվեում:

Բրյուսելում կարծում են, որ չի կարելի երկարաձգել անորոշությունը: Այս մասին ասված է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի, Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի համատեղ հայտարարության մեջ, հայտնում է РБК-ն:

Փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում:
«Մենք սպասում ենք, որ Միացյալ Թագավորության կառավարությունը կսկսի որքան հնարավոր է արագ իրագործել բրիտանացի ժողովրդի որոշումը, որքան ցավոտ էլ լինի այդ գործընթացը: Ցանկացած ձգձգում միայն կերկարաձգի այդ անորոշությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ ղեկավարները կոչ են արել գործել «հաստատված ընթացակարգով», որը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով:

«Մենք պատրաստ ենք անհապաղ սկսել բանակցություններ Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ից դուրս գալու ժամկետների և պայմանների վերաբերյալ»,- հայտնել են Բրյուսելից:

Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ քանի դեռ այդ գործընթացը չի ավարտվել, Բրիտանիան համարվում է ԵՄ լիիրավ անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս