Հունիսի 27-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 27-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային Ժողովից:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդգրկված է հունիսի 27-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Ընդհանուր առմամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 21 հարց: Կքննարկվի նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության եկան մի շարք առանցքային հարցերի շուրջ և ստորագրեցին կոնսենսուսի մասին հայտարարություն:
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. դեկտեմբերի 23-ին:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատակով ստեղծվում է հակաօդային պաշտպանության միավորված (անհրաժեշտ է նկատել, որ սա համատեղ, այլ ոչ թե միասնական համակարգ է, այսինքն` ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը) տարածաշրջանային համակարգ: Օրինակ` Ղազախստանը ՌԴ հետ ստեղծել է ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ (Համաձայնագիրը կնքվել է Աստանայում 2013 թ. հունվարի 30-ին): Բելառուսի հետ ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր կնքվել է Մոսկվայում 2009 թ. փետրվարի 3-ին:
ՌԴ-ն նախատեսում է ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրեր կնքել նաև կենտրոնասիական տարածաշրջանի պետությունների հետ:
Միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ ՌԴ հետ կնքել է ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, որպեսզի իր ՀՕՊ զորքերը չդնի այլ պետության ՀՕՊ զորքերի ենթակայության տակ:
Իսկ համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ հաշվի առ նելով տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքների անջատվածությունը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ներքո առանձնացվում է Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ, որի համատեղ գործողությունների կառավարումը, համաձայն 6-րդ հոդվածի 3-րդ մասի, իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Նշված հարցերով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ենթարկվուվ են ՀՀ գերագույն հրամանատարին: