Չեղած բաները չքննարկենք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ադրբեջանցի «քարոզչական պաշտոնյա» Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են 5 շրջան Ադրբեջանին հանձնելու մասին: Մեր ֆեյսբուքյան ընդդիմադիրները հավատացին Նովրուզին եւ շատ ուրախացան՝ լիքը գրառումների դաշտ է բացվում: (Հատուկ եմ շեշտում «ֆեյսբուքյան» բառը, որովհետեւ քաղաքական ուժերից ոչ մեկը, որքան գիտեմ, Նովրուզի տեղեկության հիման վրա հայտարարություն չի արել):

Հայաստանի արտգործնախարարը հերքեց այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ նման ոչ մի ծրագիր չի համաձայնեցվել: Ֆեյսբուքահայերը մի քիչ տխրեցին, բայց ելքը գտան՝ Նալբանդյանը չի հերքում՝ նման ծրագիր կա:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը բավականին խիստ հայտարարություն արեց Նովրուզի մեկնաբանությունների առթիվ՝ նշելով, որ դրանք անբարեխիղճ են եւ խեղաթյուրված ձեւով են ներկայացնում իրական վիճակը: Ֆեյսբուքցիները էլի տխրեցին, բայց չհանձնվեցին ու ասացին՝ «մենք հո գիտենք, որ Նովրուզը ճիշտ է»:

Իսկ հիմա պատկերացրեք, որ այսօր Հայաստանի իշխանության որեւէ պատասխանատու, որոշում ընդունող ներկայացուցիչ (ոչ պատգամավոր) խելահեղ հայտարարություն է անում՝ «այո, մենք համաձայնել ենք Ադրբեջանին հանձնել ԼՂՀ հինգ շրջանները»:

Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, թե ինչ է դրան հետեւելու: Այո, դրան հետեւելու է իշխանափոխություն: Բոլորս դուրս կգանք փողոց, որովհետեւ պետք չէ քաղաքականության եւ ռազմական գործի մեծ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ այդ «հանձնելը» կնշանակի ադրբեջանական «Սմերչները», «Սոլնցեպյոկները», «Տ-90»-ներն ու մնացած ամբողջ սպառազինությունը մոտեցնել մեր բնակավայրերին: Եվ երբ նրանք սկսեն կրակել, եւ մենք ասենք՝ «գիտե՞ք ինչ, նեոմադրիդյան կամ նեոկազանյան սկզբունքների համաձայն՝ դուք իրավունք չունեք կրակելու», մեզ դժվար թե լսեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս