ԵԱՀԿ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է Լեռնային Ղարաբաղ այցելել

ԵԱՀԿ նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այդ մասին երեկ տեղեկացրել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, Շտայնմայերը Բեռլինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղյան կարգավորման հարցը:
«Շտայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին առաջընթացը: Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի կայուն ռեժիմը և քաղաքական բանակցություններին վերադառնալը անփոխարինելի են մնում:

Բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու հետագա հնարավոր քայլերը, ինչպես նաև տարածաշրջան Շտայնմայերի այցի պլանները»,- ասված է հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարությունում:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ընթացքում ՌԴ դեսպան Իգոր Պոպովն ու Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիոն Շտայնմայերին պատմել են Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Տեսանյութեր

Լրահոս