Բաժիններ՝

Քուվեյթում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպումներ է անցկացրել

Քուվեյթում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպումների շրջանակում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հունիսի 21­-ին հանդիպել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Անաս Խալեդ Ալ­-Սալեհի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է.

«Ողջունելով հյուրին` Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Հայ­քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան համանախագահը, գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ վերջին տարիներին նկատվող գործնական հարաբերությունների ակտիվացումը` հատուկ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի երկրորդ նիստը գումարվեց Քուվեյթում` անցած տարեվերջին: Այս համատեքստում նախարար Ալ­-Սալեհը հավաստիացրեց, որ քուվեյթական կողմը հավատարիմ է մնում նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների` հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հանձնառությանը: Երկուստեք կարևորվեց հանձնաժողովի երրորդ նիստը հաջորդ տարի Երևանում գումարելու հարցը:

Նախարարը նաև գոհունակությամբ նշեց հայկական արտադրանքի` քուվեյթական շուկայում հայտնվելու փաստը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և սրտագին խոսքերի համար` դեսպան Չարչօղլյանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը և Քուվեյթի ֆինանսների նախարարությանը` աջակցության և սերտ համագործակցության համար:

Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց նաև Քուվեյթի Պետության կրթության և բարձրագույն կրթության նախարար Բադր Ալ­-Իսսայի հետ:

Դեսպան Չարչoղլյանը շնորհակալություն հայտնեց նախարարին` դեսպանությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար` հատուկ ընդգծելով Հայաստանից ուսանողների համար հավելյալ վեցերորդ տեղի տրամադրումը:

Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկու բարեկամ երկրների միջև կրթական ոլորտում առկա ակտիվ կապերը և համագործակցության խորացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը: Մասնավորապես առանձնացվեց անցյալ տարեվերջին Քուվեյթում գումարված Հայ-­քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում ստորագրված կրթական ոլորտում համագործակցության գործնական ծրագիրը: Նախարար Ալ­-Իսսան հավաստիացրեց, որ Քուվեյթը կշարունակի և կընդլայնի իր աջակցությունն այս ուղղությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս