«Զագս»-երի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը կընդլայնվի
ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում քաղաքացիներին ներկայումս մատուցվող ծառայությունների տեսակների ընդլայնմամբ և որակի բարելավմամբ՝ հաշվի առնելով նշված ոլորտում գործնականում առաջացող մի շարք խնդիրները:
Որոշմամբ՝ կընդլայնվի քաղաքացիական կացության ակտերի և իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը, կներդրվեն նոր ծառայություններ, որոնք միտված են բարձրացնել ծառայությունների մատուցման որակը և խնայել քաղաքացիների միջոցներն ու ժամանակը:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների նոր տեսակների ներդրման արդյունքում հնարավոր կլինի նաև նշված ոլորտում բացառել ստվերային շրջանառությունը, ազատել քաղաքացիներին նշված ծառայությունները ստանալու նպատակով մի շարք մարմիններ դիմելու ավելորդ քաշքշուկներից և մեկտեղել որոշ ծառայությունների մատուցմանն ուղղված գործողությունները:
Նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումերի կողմից «մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցման հնարավորության ապահովումը, որի արդյունքում սահմանված արտաբյուջետային վճարումներն էլ իրենց հերթին թույլ կտան որոշ չափով հոգալ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի հետ կապված պարտադիր ծախսերը և նյութատեխնիկական ապահովումը։ Նշված ծառայությունների ներդրումը էականորեն բխում է նաև քաղաքացիների շահերից, քանզի դրանց արդյունքում վերջիններիս հնարավորություն է տրվում առավել դյուրին եղանակով և ողջամիտ ժամկետներում ստանալ պատշաճ որակի ծառայություններ՝ ազատվելով դրանց հետ կապված որոշ անհարկի գործողությունների կատարման անհրաժեշտությունից և ժամանակի կորստից:
Նշված ծառայությունների մատուցումը էլեկտրոնային համակարգի կիրառմամբ իր հերթին նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը, միաժամանակ հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին իրենց ֆիզիկական ներկայությունը ապահովելու անհնարինության դեպքում նշված ծառայությունները ստանալ էլեկտրոնային համակարգի միջոցով։