«Սա Հռոմի պապի համար սովորական այց չէ». National Catholic Register

Այս շաբաթ Հայաստան, իսկ սեպտեմբերի վերջին Ադրբեջան և Վրաստան ուղևորությամբ Հռոմի պապը կայցելի Կովկասյան տարածաշրջան, որը համարվում է վտանգավոր շրջան, այս մասին, ըստ tert.am-ի՝ գրում է Foreign Affairs ամսագրի թղթակից Վիկտոր Գաետանը National Catholic Register-ում: Մի ժամանակաշրջանում, երբ թերթերի էջերը լի են բռնության և անհաշտության մասին նյութերով, Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա այցով ուղևորվում է Հայաստան՝ ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները:

Ինչպես նշում է հեղինակը՝ սա Հռոմի պապի համար սովորական այց չէ: Հայաստանն Ադրբեջանի հետ երկար ժամանակ եռացող պատերազմի մեջ է, «սառած հակամարտություն», որը կրկին թեժացավ ապրիլին: Այս երկրները, գրում է հեղինակը, բարդ հարաբերություններ ունեն իրենց հզոր հարևանների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ, որոնք այս տարի նույնպես առճակատվել են։

Կիրակի օրը Ֆրանցիսկոս պապը կմոտենա հայ-թուրքական փակ սահմանին՝ երկրների միջև անվստահության ավելի քան 100 տարվա խորհրդանիշին:

Կովկասյան տարածաշրջանը շատ վերլուծաբանների կողմից համարվում է վտանգավոր պոտենցիալ բռնկման կիզակետ: Հեղինակը նշում է, որ նաև այս պատճառով է Հռոմի պապը որոշել Փրկչի սերը տարածել իր ուղևորության շնորհիվ՝ սկսելով քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրից՝ Հայաստանից:

Հայ ժողովուրդը տարածված է ողջ աշխարհով՝ հիմնականում 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով: Կրոնական ինքնությունն այն հիմնական բացատրություններից մեկն է, թե ինչպես են հայերը պահպանել իրենց մշակութային ինքնությունը՝ սերնդեսերունդ՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրել:

ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ով ներգրավված է Ֆրանցիսկոս պապի այցի կազմակերպման գործում, նշել է, որ Պապի ներկայությունը երեք հիմնական ուղերձ է փոխանցում՝ քրիստոնյաների միասնականությունը, Միջին Արևելքում քրիստոնեությունը պաշտպանելու կարևորությունը և պատմական վերքերը բուժելու ճիշտ մեթոդը:

«Այս այցը կարևոր կլինի, քանի որ Սուրբ Հայրն այցելում է հնագույն քրիստոնյա եկեղեցիներից մեկը, որը շրջապատված է ոչ քրիստոնյա ուժերով: Նրա այցը ոչ միայն Հայաստանում քրիստոնյաների, այլև Միջին Արևելքում այժմ այդքան տառապանքներ կրող քրիստոնյա ընտանիքներին աջակցության նշան է»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս