«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան Թուրքիայի». Հ. Նաղդալյան
Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման դրվեց` « Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով` խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը:
Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին և Վուցկովիչին, զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի և դրա համապարփակ բնույթի համար`Հերմինե Նաղդալյանը իր խոսքում նշեց, որ այդ փաստաթուղթը առաջ է քաշում այն բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց Թուրքիան «պետք է անհապաղ անդրադառնա», այս զեկույցը պարզորոշ մատնանշում է Թուրքիայում լայնամասշտաբ ժողովրդավարական հաստատությունների պակասը:
Ի թիվս բազմաթիվ խնդիրների և լուրջ խախտումների`օրենքի գերակայության, օրենսդրության, դատական իշխանության, համայնքների միջև հարաբերությունների ոլորտներում, զեկույցում նաև հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության և ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցության ու սահմանափակումների, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների և շարքային քաղաքացիների հետապնդման վերաբերյալ:
«Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում և ճնշվում է Թուրքիայում»,- իր խոսքում նշեց տիկին Նաղդալյանը` որպես այդ դեպրեսիվ քաղաքականության զոհերից մեկի հիշատակելով Հրանտ Դինքին, հայկական ծագմամբ ականավոր թուրք լրագրողին, ով ցինիկաբար սպանվեց Ստամբուլում, 2007թ.-ին:
«Դինքը բարձրացնում էր հայերի ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական և թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր, պայքարում էր, մարդկային արժանապատվության և ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում»,- նշել է Հ. Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը իր ելույթում մտահոգություն է հայտնել և եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Մայիսի 20-ին թուրքական խորհրդարանի կողմից ընդունված մի օրինագծի առնչությամբ, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը:
«Նոր օրենքը թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ: Ընդդիմությունը ներկայացնող մեր խորհրդարանական գործընկերները Թուրքիայում իրական վտանգի տակ են: Կցանկանայի հիշեցնել, որ 1915 թվականի առաջին զոհերը եղել են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները, այսինքն՝ հարյուրամյակ է անցել, բայց ինչ մեթոդներով որ 101 տարի առաջ են լուծել հայերի հարցը, այդպես էլ այսօր քրդերի հարցն են լուծում: Եկեք կանխե՛նք պատմության կրկնությունը», – բարձրաձայնել է տիկին Նաղդալյանը:
Իր երախտագիտությունը հայտնելով գերմանացի պատգամավորներին` Բունդեսթագի կողմից ընդունված վերջին որոշման առիթով, Հերմինե Նաղդալյանն արձանագրել է, որ այդ որոշումն առաջացրել է թուրքական իշխանությունների վրդովմունքը: Տիկին Նաղդալյանը փաստել է, որ Գերմանացի օրենսդիրները ականատեսը եղան աննախադեպ ատելության կոչերի և ահաբեկման դրսևորումների: Բանաձևի նախաձեռնողները մահվան անանուն սպառնալիքներ ստացան, նրանցից ոմանք ոստիկանության պաշտպանության տակ անցան: Նախագահ Էրդողանը արյան անալիզ պահանջեց թուրքական ծագմամբ գերմանացի օրենսդիրներից, մինչդեռ` «ինչպես նշեց Բունդեսթագի նախագահը` «…մարդկանց արյամբ տարորոշելու դարաշրջանն ավարտվել է դեռևս 1945-ին»: Ցավոք, ոչ Թուրքիայում, պարոն Լամերթ»,- եզրափակել է Հ. Նաղդալյանը:
Իր ելույթում Հերմինե Նադալյանը անդրադարձել է նաև մշակութային ժառանգության պահպանման խնդրին.
«Ժամանակակից Թուրքիայում պատմականորեն գոյություն ունեն հազարավոր հայկական մշակութային և հոգևոր հուշարձաններ, որոնք շարունակաբար և միտումնավոր ոչնչացվել են: Սա թուրքական կառավարության նախապես ծրագրված` հայկական մշակույթի նյութական վկայությունները վերացնելու քաղաքականությունն է»,- ասել է տիկին Նաղդալյանը` հավելելով, որ 1915թ-ի ցեղասպանությունը ներկայումս շարունակվում է` հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության տեսքով:
«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի, կայսրությունում գործող արժեքների անմիջական ժառանգորդի»,- իր խոսքում ընդգծել է Հ. Նաղդալյանը` եվրոպացի խորհրդարանականներին կոչ անելով որպես առաջին քայլ, առաջին հերթին ի շահ Թուրքիայի, մոնիտորինգի գործընթաց սկսել այդ երկրում: