«Թրամփը կսնանկացնի Ամերիկան». Քլինթոն
ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, որը, նրա կարծիքով, «կսնանկացնի Ամերիկան»:
«Մենք չենք կարող թույլ տալ նրան սնանկացնել Ամերիկան, կարծես թե դա նրա խաղատներից մեկն է»,- հայտարարել է Քլինթոնը Օհայո նահանգում՝ իր կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ:
Քլինթոնը շարունակել է հեգնել Թրամփին՝ ակնարկելով, որ նա ի վիճակի չէ ղեկավարել տնտեսությունը:
«Նա բազմաթիվ գրքեր է գրել բիզնեսի մասին, սակայն դրանք բոլորն էլ ավարտվում են 11-րդ գլխով»,- ասել է Քլինթոնը՝ ակնարկելով ԱՄՆ Սնանկության մասին օրենքի 11-րդ գլուխը:
Ինչպես հայտնում է Financial Times-ը, ընտրողների շրջանում վերջին հարցումը ցույց է տվել, որ Թրամփին ավելի շատ են հավատում, քան Քլինթոնին, երբ նա ասում է, որ իր քաղաքականությունը ԱՄՆ-ում նոր աշխատատեղեր կստեղծի:
Հնարավոր է, թե դրանով էլ պայմանավորված է Քլինթոնի ընտրած ռազմավարությունը:
Քլինթոնը Թրամփին կշտամբել է նաև Ուոլ Սթրիթի հետ կապեր ունենալու մեջ և նրանում, որ նա ցանկանում է պաշտպանել ԱՄՆ ֆինանսական էլիտայի հետաքրքրությունները սովորական հարկատուների հաշվին:
«Նա միլիարդատերերին կտա հարկային մեղմացում 3 տրիլիոն դոլարի չափով: Նա կտա 120 հազար հարուստ ամերիկացի ընտանիքներին ավելի շատ, քան 120 միլիոն հասարակ ամերիկացիներին»,- հայտարարել է Քլինթոնը:
Թրամփը Քլինթոնի հայտարարություններին արձագանքել է սոցցանցերում: Թվիթներից մեկում նա իրեն անվանել է «պարտքի արքա» և հավաստիացրել, որ իր բիզնես փորձը իրեն կօգնի կրճատել ԱՄՆ արտաքին պարտքը: