«Կան ձայնագրություններ, որոնք վկայում են զենքի շրջանառության նպատակի եւ դրանցում Ժիրայր Սէֆիլյանի առնչության մասին». ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահ շրջանակներից առայժմ ոչ պաշտոնապես պնդում են, թե քրեական գործի շրջանակներում կան ձայնագրություններ, որոնք վկայում են զենքի շրջանառության նպատակի եւ դրանցում Ժիրայր Սէֆիլյանի առնչության մասին։

Ըստ նույն շրջանակների, այդ խմբի անդամներն ունեցել են իրենց հատուկ անունները։ Բացի այդ, խմբի անդամներից մի քանիսը հրաժարվել են իրենց հետագա մասնակցությունից ծրագրված գործողություններին։ Սույն գործով կան նաեւ խոստովանական ցուցմունքներ։ Պաշտոնապես հայտարարվեց, թե ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգը՝ 120 փամփուշտով ոստիկանները հայտնաբերել են մայիսի 20-ին՝ Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։

Սույն գործով ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պաշտոնապես դեռեւս չեն հայտարարվել այս տարօրինակ ավտովթարի պատմության «հերոսների» անունները։ Հաջողվեց ճշտել վեց կալանավորվածներից երկուսի ինքնությունը, նրանք են՝ Գյումրի քաղաքի բնակիչ Աշոտ Գուգուշյանը եւ Հովհաննես Պետրոսյանը։

Հենց Պետրոսյանի հետ էլ երեկ առերեսվել է Ժիրայր Սէֆիլյանը։ Այս տեղեկությունը հաստատեց Սէֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը։

Հետաքրքիրն այն է, որ Սէֆիլյանը ձերբակալությունից հետո հրաժարվել է հարցաքննությունից՝ լռել է. այս դեպքում հարց է ծագում, թե ինչպե՞ս է քննիչը էական հակասություններ գտել Սէֆիլյանի լռության եւ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքի միջեւ։

Նշենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի համաձայն՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս