Թուրքիան նոր ՀՕՊ համակարգ կտեղակայի Սիրիայի հետ սահմանին. Defense News
Թուրքիայի իշխանությունները մտադիր են հակաօդային պաշտպանության նոր համակարգ տեղակայել և թեսթավորել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Defense News պորտալը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրներին։
Աղբյուրի խոսքով՝ նոր համակարգերը կտեղակայվեն Քիլիս նահանգում՝ երկրի հարավում: Խոսքը հակաականանետային ռադարային Serhat համակարգի մասին է, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական նշանակության HIMARS հրթիռա-հրետանային համակարգի:
Բացի այդ՝ Սիրիայի հետ սահմանից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա պարեկային հսկողություն կիրականացնեն նաև մինի-դիրիժաբլները։
Կողմերի միջև սահմանի երկարությունը կազմում է մոտ 900 կմ, հիշեցնում է պարբերականը:
«Մեզ հարկավոր է սահմանի այդ հատվածի առավել արդյունավետ պաշտպանություն: Հակաօդային պաշտպանությունը առավել առաջնահերթ խնդիր է, քան զսպումը կամ հարձակումը»,- հայտարարել է զինվորական պաշտոնյան:
Ենթադրվում է, որ այդ միջոցառումները կօգնեն պաշտպանել Գազիանտեպ, Հաթայ, Շանլըուրֆա և Մարդին մարզերը: