Հանձնաժողովի անդամը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվել
Առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում:
Ս. Խաչատրյանին դատարանը վճռել է դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ դատարանը վճռել է նրա նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Տեղամասային հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կողմնակից լինելով ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, նպատակ ունենալով իր գործողություններով նպաստել նոր Սահմանադրության ընդունմանը, իր տեղամասում «ԱՅՈ»-ի բացարձակ հաղթանակ ապահովելու և հանրաքվեի արդյունքները կեղծելու դիտավորությամբ նպատակադրվել է որպես հանձնաժողովի անդամ իր գործառույթներն իրականացնելու հնարավորությունից օգտվելով՝ կեղծ տեղեկություններ մտցնել ընտրացուցակներում քաղաքացիների կողմից քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, չքվեարկված քվեաթերթիկներում կատարել «ԱՅՈ»-ի վերաբերյալ նշումներ և դրանք ծրարներում աննկատ կնքելով՝ լցնել քվեատուփի մեջ:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը՝ այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, բնութագրվում է դրական: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխայի առկայությունը, նախկինում դատապարտված չլինելը, բացառապես դրականորեն բնութագրվելը: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել: Դատավճռով Ս.Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: