Վիեննան վերահաստատվել է առանց բաղադրիչների ուղղակի նշման
Պետերբուրգյան հանդիպումը, քաղաքական տրամաբանության հետեւողականությունը պահելու համար, պետք է Վիեննայի շարունակությունը համարվեր: Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ համարվում է: Պուտին-Սարգսյան-Ալիեւ համատեղ հայտարարությունում փաստորեն ասվում է, որ նախագահները վերահաստատել են մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական վեհաժողովի պայմանավորվածությունները ուղղված տագնապի գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ կարգավորման առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:
Ճիշտ է, այստեղ հատուկ չի նշվել հայկական կողմից ամեն առիթով կատարվող 94-95-ի հրադադարի հղումը եւ Վիեննայով առաջ քշված շփման գծի վրա խախտումների հետաքննության նպատակով համապատասխան մեխանիզմի հաստատման անհրաժեշտությունը. այսուհանդերձ վերահաստատվել է Վիեննան իր ամբողջության մեջ:
Հավանաբար սա է նաեւ հիմնական պատճառը, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները շատ զուսպ են եւ ամենից աւելի նկատվածը այս դեպքում եռակողմ հայտարարության բացակայությունն է Բաքվի կողմից ուղղորդվող լրատվամիջոցների կայքերում: Թե՜ հայատառ եւ թե՜ անգլիատառ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտարարությունը չենք գտնում:
Վիեննայի պայմանավորվածությունները վերահաստատելը նշանակում է 94-95-ի հրադադարը հիմք ունենալ իբրեւ գլխավոր իրավական համաձայնագիր: Ադրբեջանական կողմի թողարկած տեղեկատվական թողարկումներում այդ երկու թվականների նշումը կարծես թե արգելված է, մինչդեռ ոչ միայն ըստ էության, այլ նաեւ Վիեննայով եւ հիմա էլ Պետերբուրգով` Վիեննան վերահաստատելով հերթական անգամ հիմք է համարվում այդ համաձայնագիրը:
Երկրորդ արգելված թեման, որը բացակայում է ադրբեջանական տեղեկատվական դաշտում շփման գծի վրա մինչեւ Վիեննա մշտադիտարկումների, իսկ Վիեննայից հետո նաեւ հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտությունն է: Շատ պարզ է այստեղ տրամաբանությունը: Ո՞ր կողմն է, որը մնայուն կերպով արծարծում է նախահարձակի դիմագիծն ու ձեռագիրը բարձր արհեստագիտության միջոցներով բացահայտելու միջազգային համաձայնություն եւ միջազգային գործնական հանձնառություն եւ ո՞ր կողմն է, որը մնայուն խուսափում է այս դրության հաստատման մասին կատարված պայմանավորվածությունները նշելուց: Հավելենք, որ մինչեւ Վիեննա մշտադիտարկման համակարգի հաստատման մասին էր խոսքը, Վիեննան խոսում էր հետաքննության մեխանիզմի մասին. մշտադիտարկումը ավելի չեզոք հասկացություն է, մինչ հետաքննությունը ենթադրում է հանցագործի բացահայտում եւ
իրավականորեն նաեւ հետեւանքի վերացում: Ինչը որ առավել բացատրում է ադրբեջանական կողմի խուսափումը այս բառապաշարի եւ այս հասկացության օգտագործումից։
Պետերբուրգը ռուսական համադրումով փորձել է միջին եզրերով բանաձեւել այս բոլորը. այսինքն վերահաստատել Վիեննան, առանց նշելու հրադադարի թվականները կամ հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտությունը:
Այս բոլորը իրենց բացատրությունը ունեն: Ռուսական իրավարարությունը ոչ միայն ռազմական բնույթ ունի, քառորյա պատերազմին հրադադար պարտադրելով կամ թե՜ հատուկ գործընկերոջ եւ թե՜ նրա հակառակորդին զենքեր տրամադրել-վաճառելով, այլ նաեւ բանակցային գործընթացում իրավարարի դերը պահպանելով:
Սրանով էլ բացատրվում է Վաշինգտոնի գերտերությունը ընդունելու հայտարարություն կատարող, բանակցային ղեկը Պետերբուրգում ուղղակի ստանձնելով Արցախյան հակամարտության առիթով կայացած հանդիպումների, բացի հակամարտության թեմայից հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ընդհանուր գնահատականներ տալով հատուկ միջնորդի հանգամանքի ինքնաստանձնումը նախագահ Պուտինի կողմից:
Հատուկ միջնորդը ունի իր պատկերացումը Արցախյան հակամարտության կարգավորման լուծման համար իբրեւ ճանապարհային քարտեզ, որը ծանոթ է Կազանյան փաստաթուղթ անունով: Այնտեղ ամենաշահագրգիռը, իրավարարություն ստանձնողի համար երկրորդ կետն է. Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Ահա այդ ուժերի բաղադրության մասին է հիմնական խնդիրը: Պուտինի կողմից գերտերություն ճանաչված Վաշինգտոնը պիտի համաձայնի՞ ռուս խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Որովհետեւ ռազմական իրավարարությունը, անցնելով բանակցայինից, ռուսական հեռանկարով պիտի վերադառնա ռազմական ոլորտ` խաղաղապահ ուժերի տեղակայում, ազդեցության գոտու պահպանման տրամաբանությամբ: Սա արդեն աշխարհաքաղաքական օրակարգի ամենացայտուն կետերից է:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր