Արման Մկրտումյանը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է նորանշանակ դատավորներին՝ Աննա Մաթևոսյանին՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, և Կարեն Մարդանյանին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մե( նշված է. «ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանագրի համաձայն՝ Աննա Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Կարեն Մարդանյանը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Հունիսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Աննա Մաթևոսյանին և Կարեն Մարդանյանին ներկայացնելով համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին, ընդգծել է նորանշանակ դատավորների մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն արդարադատություն՝ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ինչպես Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի, այնպես էլ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրներին»: