«Ժիրայր Սէֆիլյանը միշտ է արմատական եղել…». Լարիսա Ալավերդյանը՝ Ժ. Սէֆիլյանի ձերբակալության մասին
«Ափսոսում եմ, որ իշխանությունը և Սեֆիլյանն այդպես էլ չգտան այլ ձև, քան այն, ինչ տեղի է ունեցել. դա որևէ մի դրական արդյունքի չի բերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության մասին:
– Տիկին Ալավերդյան, Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժիրայր ՍԷֆիլյանին ձերբակալել են ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով, սակայն դրանից առաջ էլ հայտարարության մեջ գրված է, որ Սէֆիլյանը պատրաստվել է պետական հեղաշրջման: Տեսնո՞ւմ եք այստեղ հակասություն:
– Շատ խրթին են տեղեկությունները: Քանի որ ես շատ հիմքեր չունեմ վստահելու ամբողջովին այդ տիպի տեղեկատվության՝ դրա համար ես միայն իմ կարծիքն ասացի:
– Ձեր կարծիքով՝ ավելի շատ քաղաքական դրդապատճառո՞վ է եղել այս ձերբակալությունը:
– Դե, եթե մենք խոսում ենք Սէֆիլյանի դեպքի մասին, դա քաղաքական է, նայած, թե ինչ աստիճանի և ինչ մեղադրանք կներկայացնեն:
– Դուք եղել եք նաև «Նախախորհրդարանի» անդամ, Ձեր կարծիքով՝ Ժիրայր Սէֆիլյանը, թեկուզ հայրենասիրական մղումներով, պատրա՞ստ էր ինչ-որ զինված պայքարի, պետական հեղաշրջման:
– Թույլ տվեք օգտվելով իմ իրավունքից՝ ես այս պահին այդ հարցին չպատասխանեմ: Այն, որ ինքը շատ անգամ արտահայտում էր արմատական կարծիք, դա ամենևին չի կարող լինել մեղադրանք, նա միշտ էլ Արցախյան պատերազմի ժամանակվանից եղել է արմատական, այն ժամանակ միայն արմատականներն են գնացել և պայքարել: Ամենասկզբից արգելված էր զենք վերցնելը, այստեղ բացառել նման բաները ես չեմ կարող, բայց չեմ էլ կարող ասել, որ դա կարող է հիմք ծառայել ձերբակալության համար, մենք, ցավոք սրտի, ունենք շատ քիչ տեղեկություններ:
– Ինչքանո՞վ եք կապ տեսնում անցյալ տարվա՝ Քննչական կոմիտեի կողմից բացահայտված «ահաբեկչական» խմբի «վնասազերծման» և այս ձերբակալության միջև:
– Ես կցանկանայի չտեսնել այդ կապը, կարծում եմ՝ այդտեղ պետք է կապ չլինի, շատ ափսոս կլինի: Ես չեմ կարծում, որ այստեղ կարող է կապ լինել: