«Պուտինը չէր էլ կարևորում այդ հանդիպումը, ղարաբաղյան խնդիրը…». Աղասի Ենոքյան
Երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում էր ցույց տալ, որ ինքը կարող է առանձին լինել ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այս կարծիքը 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը, ըստ որի՝ Վ. Պուտինը փորձում էր գնալ դիմակայության Արևմուտքի հետ, և մեր տարածաշրջանը պարզապես փորձադաշտ էր:
«Եթե նայեք երեկ Պուտինի խոսքերը, նա չէր էլ կարևորում այդ հանդիպումը, ղարաբաղյան խնդիրը, նա պարզապես կարևորում էր այն, որ իրեն հաջողվեց առանձին հանդիպում կազմակերպել: Սա վատ է: Վատ է նաև այն, որ կողմերը չունեն միասնական դիրքորոշում, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները կոնֆլիկտի լուծման վերաբերյալ, տրամագծորեն տարբերվում են, և դա ակնհայտ դարձավ նրանց խոսքերի ժամանակ: Իսկ լավն այն է, որ վերջում համանախագահները եկան, այսինքն՝ այնուամենայնիվ, ԵԱՀԿ-Ռուսաստան դիմակայությունը շատ չխորացավ, ու կարողացան ինչ-որ մի բանի վերաբերյալ պայմանավորվել. գոնե Կասպրչիկի լիազորությունները մեծանում են»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ շատ վատ է, որ համանախագահները չէին մասնակցում հանդիպմանն ու դրսում էին սպասում: Ա. Ենոքյանի խոսքով՝ սրանով Վ. Պուտինն ուզում էր ցույց տալ, որ ինքը մենակ է այդ հարցը լուծելու, մյուսները չեն լինելու:
Մեր զրուցակցի կարծիքով՝ դրական էր այն, որ հանդիպման ընթացքում խոսել են վերահսկողական մեխանիզմներից մեկի ներդրման մասին. «Մեխանիզմներից մեկը հենց դիտորդների ավելացումն էր, որի վերաբերյալ եղավ հայտարարություն, այսինքն՝ պայմանավորվել են, որ մեխանիզմներից մեկը պետք է գործարկեն: Դա մի փոքր առաջընթաց է»: