«Ժառանգություն». սա քաղաքական հալածանք է

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը ավելի վաղ հարուցված մի քրգործի շրջանակներում ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերքներ ձեռք բերելը, փոխադրելն ու պահելը կազմակերպելու կասկածանքով ձերբակալել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներից մեկը հանդիսացող Ժիրայր Սէֆիլյանին:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիր գործչի նկատմամբ իրականացվող հերթական քաղաքական հետապնդումները, որոնք այս անգամ պայմանավորված են տարածքային զիջումների եւ, մասնավորապես, արցախյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ վճռականորեն հանդես գալու՝ նրա դիրքորոշմամբ:

Անընդունելի ենք համարում շինծու մեղադրանքով քաղաքական գործիչներին, ազատամարտիկներին, հանրության հարգանքն ու վստահությունը վայելող անձանց մեկուսացնելու, ահաբեկելու կամ բարոյապես ընկճելու՝ օրվա իշխանությունների անփոփոխ գործելակերպը: «Ժառանգության» գնահատմամբ՝ սա քաղաքական հալածանք է, որի պատվիրատուները փաստորեն փորձում են իրենց երերացող աթոռների տեղն ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու ազզգային անվտանգությունը թուլացնելու գնով:

Պայքարը շարունակվում է:

«Ժառանգություն» կուսակցություն
21 հունիսի 2016
Երեւան

Տեսանյութեր

Լրահոս