Առանց Արցախի լիարժեք մասնակցության ցանկացած առաջարկ դատապարտված է ձախողման. ԼՂՀ վարչապետ

Առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտված է ձախողման:

Այս մասին, ռուսական «Վզգլյադ»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, ԼՂՀ ճանաչումն այլընտրանք չունի, քանի որ միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդունում է ղարաբաղցիների պահանջը, եւ ազգերի ինքնոնորշման միջազգային իրավունքի հիման վրա պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այն է՝ անկախ հանրապետություն:

Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը, Հարությունյանն ասել է. «Մենք, իհարկե, կողմ ենք Հայաստանի Հանրապետության կողմից Ղարաբաղի ճանաչմանը, սակայն միաժամանակ հասկանում ենք, որ առկա են որոշ ազդող գործոններ՝ այդ թվում բանակցային գործընթացով պայմանավորված, որոնց հետ պետք է հաշվի նստել: Լավագույն տարբերակն այն է, որ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում լուծվեր ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը, բայց, հաշվի առնելով Բաքվի ակնհայտ ապակառուցողական, հայատյաց ու ռազմատենչ քաղաքականությունը, այժմ ճանաչման գործընթացը չպետք է պայմանավորել բացառապես հիմնախնդրի լուծման բանակցություններով, քանի որ ճանաչումն ինքնին խթանելու է կարգավորումը եւ անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է ապահովելու ԼՂՀ-ի համար: ՀՀ իշխանությունների ուղերձն այդ առումով հստակ է, որ եթե Ադրբեջանը հրաժարվի բանակցային գործընթացից եւ կրկին փորձի խնդիրը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով, ապա Երեւանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ինչ վերաբերում է ճանաչումից հետո մեր հետագա քայլերին ՀՀ-ին միանալու մասով, դա այդ ժամանակ կվճռվի մեր ժողովրդի կողմից՝ համոզված եմ՝ անկախ արտաքին հանգամանքներից»:

Ինչ վերաբերում է բանակցություններին ԼՂՀ լիիրավ մասնակցության հնարավորությանը, ԼՂՀ վարչապետն ընդգծել է. «Մենք պահանջում ենք բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք մասնակցության ֆորմատի վերականգնում, որին դեմ է Ադրբեջանը եւ նրա կողմից այս հարցում ոչ կառուցողական մոտեցումն անընդհատ ձգձգում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական եւ ամբողջական մասնակցության չի կարող որեւէ հաջողություն գրանցվել, քանի որ այնտեղ հենց Ղարաբաղի հարցն է լուծվում, եւ Ղարաբաղի բնակչությունն էլ պետք է համաձայնություն տա հիմնախնդրի կարգավորման վերջնական տարբերակին:

Փաստացի, Հայաստանի Հանրապետությունն ուղիղ եւ հավասար հարաբերություններ ունի պաշտոնական Ստեփանակերտի հետ, որոնք բնորոշ են միջազգային իրավունքի երկու սուբյեկտների: Բացի դրանից, Երեւանը նաեւ չի ճանաչել Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք»:

Դիտարկմանը, թե ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների՝ այսպես կոչված «Լավրովի պլանը» ենթադրում է ձերբազատել Հայաստանը տնտեսական բլոկադայից եւ Ղարաբաղ մտցնել խաղաղապահ զորքեր՝ փոխարենը ադրբեջանական 5 շրջանների վերադաձնելու պայմանով, Արա Հարությունյանն ասել է. «Քանի դեռ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք կողմ, ցանկացած պլան կամ առաջարկ, ինչպես արդեն նշեցի, դատապարտված է ձախողման: Մեզ հետ որեւէ պլան չի քննարկվել եւ, դրանից ելնելով, սխալ կլինի որեւէ ենթադրություն կամ եզրակացություն անելը: Խոսքը հավասարապես վերաբերում է նաեւ տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական եւ միակ երաշխավորը Ղարաբաղի պաշտպանության բանակն է, որն ապահովում է նրա խաղաղ կենսագործունեությունը եւ զսպում Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիան»:

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս