Բաժիններ՝

Հայաստանի քաղաքացիներն այս տարի ավելի շատ նախընտրում են հանգստանալ եվրոպական երկրներում

Հայաստանի քաղաքացիներն այս տարի ավելի շատ նախընտրում են հանգստանալ եվրոպական երկրներում: Զբոսաշրջային գործակալությունների շրջանում անցկացրած «Արմենպրեսի» փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ առաջին տեղում Եվրոպան է: Հայերը նախընտրում են իրենց ամառային հանգիստը վայելել Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, ինչպես նաև Կիպրոսում: Զբոսաշրջային ընկերություններում նշեցին, որ միշտ էլ եվրոպական երկրների նկատմամբ հետաքրքրութ յուն եղել է, պարզապես այս տարի որոշակի ակտիվություն է նկատվում:

Այս ակտիվությունը բացատրեցին այն հանգամանքով, որ ամառվա ամիսներին որոշ ուղղություններով գործում են չարտերային չվերթներ՝ կրճատելով տեղափոխման ժամանակը: Զբոսաշրջիկները կարճ ժամանակում հասնում են հանգստավայրեր:

Դրանից բացի, անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր քաղաքացիներն այս տարի չեն ցանկանում որոշ ուղղություններով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերել: Մասնավորապես, այս տարի զգալիորեն նվազել են դեպի Եգիպտոս տուրերի վերաբերյալ հարցումները: Զբոսաշրջային ընկերություններում նշում են, որ, իհարկե, Եգիպտոս մեկնողներ կան, սակայն շատ քիչ: Ինչ վերաբերում է դեպի Թուրքիա ուղղությանը, ապա մեր հարցմանն ի պատասխան ընկերություններից շատերը նշեցին, որ կամ դադարեցրել են այդ ուղղությամբ զբոսաշրջային փաթեթ առաջարկելը, կամ էլ փոխանցեցին, որ մեր քաղաքացի ներն այդ ուղղությամբ չեն էլ հետաքրքրվում:

Դեպի Եվրոպա ուղղություններով ինչպիսի՞ գնային տարբերություն կա Վրաստանի համեմատ: Հարցին ի պատասխան՝ ընկերություններում նշեցին, որ կան չվերթներ, որոնք նույնիսկ Վրաստանի համեմատ են էժան:

«Դա պայմանավորված է շրջանով: Ամռանը, քանի որ ուղիղ չվերթներն ավելանում են, գներն էլ մատչելի են դառնում, իսկ, ասենք, աշնանը, երբ չարտերային չվերթները պակասում են, բնականաբար, գներն ավելանում են, և Վրաստանի համեմատ այստեղ թանկ է լինում»,- ասաց ընկերություններից մեկի ներկայացուցիչը:

Զբոսաշրջային ընկերություններում հաղորդեցին, որ դեպի Եվրոպա ակտիվություն է նկատվում, սակայն նախորդ տարվա համեմատ, ընդհանուր առմամբ, բոլոր ուղղություններով պասիվություն կա:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ավանդույթի համաձայն, մեր քաղաքացիները հետաքրքրվում են նաև դեպի Դուբայ տուրիստական փաթեթի պայմաններով, շատ քիչ, բայց հետաքրքրվողներ կան Մեքսիկայով, Դոմինիկյան Հանրապետությունով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս