Իշխանության ուղերձը. Ինչո՞ւ է ձերբակալվել Սէֆիլյանը
Այսօր ձերբակալվել է «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: Ձերբակալվել է մինչև այս պահը, ըստ էության, անհեթեթ մեղադրանքով: Ձերբակալվել է հունիսի 20-ին` մայիսի 20-ին տեղի ունեցած մի պատահարի քննության գործի շրջանակներում, որի եզրահանգումն այն է, որ Սէֆիլյանը` իր մոտ հայտնաբերված զենք-զինամթերքով պետական հեղաշրջում կազմակերպելու նպատակ է ունեցել` պետական հաստատությունների, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակի գրավման միջոցով:
Առաջին հերթին՝ հարց է ծագում` ինչո՞ւ է սույն «վտանգավոր հանցագործը» ձերբակալվում դեպքից ամբողջ մեկ ամիս անց: Բացի այդ, կարծես արդեն սովորություն է դառնում որևէ քանակությամբ զինամթերք հայտնաբերելու դեպքում դա միանգամից որակավորել՝ որպես «պետական հեղաշրջման» նախապատրաստություն: Այն դեպքում, երբ Երևանում շրջող ցանկացած միջին վիճակագրական «ավտարիտետի» կամ իշխանական պատգամավորի ու նրա թիկնազորի մեքենայում, մեծ հավանականությամբ, նույնքան, եթե ոչ՝ ավելի, զենք կարելի է հայտնաբերել:
Իրավապահների այս անլուրջ գործողությունն օբյեկտիվորեն հիմք է տալիս մտածելու, որ Սէֆիլյանին ձերբակալել են միանգամայն այլ նպատակով և առաջին հերթին՝ ոչ ներհայաստանյան լսարանի համար:
Այսօր Սանկտ Պետերբուրգում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ընթանում է Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, ընթանում է, ըստ ամենայնի, ղարաբաղյան հակամարտության լուծման «ռուսական պլանի» շրջանակներում, որի էությունն ազատագրված տարածքների հանձնումն է անորոշ ժամկետներում՝ անորոշ կարգավիճակով հանրաքվե անցկացնելու դիմաց:
Ժիրայր Սէֆիլյանը, ըստ էության, միակ գործիչն է, ով ոչ միայն ուղղակի հայտարարություններով ընդդիմանում է տարածքների հանձնմանը, այլև պատրաստակամություն է հայտնում դրա դեմ պայքարելու համար բողոքի գործողություններ կազմակերպել: Այլ հարց է, թե որքանով արդյունավետ կլինեն կամ կլինեին այդ բողոքի ակցիաները, ներկայիս բարոյահոգեբանական մթնոլորտում քանի մարդ փողոց դուրս կգար ազատագրված տարածքների հանձնումը կանխելու համար: Փաստ է, սակայն, որ Սէֆիլյանը գոնե կարող էր փորձել կազմակերպել դա:
Այդ իմաստով՝ Ժիրայր Սէֆիլյանը որոշակիորեն խորհրդանշական կերպար է, ու նրան ձերբակալելով՝ Հայաստանի իշխանությունն աշխարհին, ըստ ամենայնի, հասկացնում է, որ ոչ միայն ուղղակի պատրաստ է տարածքային զիջմանը, այլև այնքան է պատրաստ, որ մեկուսացնում է դրա դեմ ընդդիմացողներին: Սա ուղերձ է նաև Հայաստանի բոլոր այն ուժերին ու քաղաքացիներին, թե ինչ է սպասվում նրանց, ովքեր կփորձեն ընդդիմանալ տարածքների հանձնմանը: Հակառակն ապացուցելու համար իշխանությունը ծանրակշիռ, կասկածի որևէ տեղ չթողնող ապացույցներ պետք է ներկայացնի, որ Սէֆիլյանն իսկապես հեղաշրջում էր կազմակերպում: Դատելով ամեն ինչից՝ նման ապացույցներ դեռևս չկան և պետք է «սարքվեն» ընթացքում: