Դինքի գործով կալանավորված նախկին պաշտոնյան խոստովանել է Դինքի սպանության մասին տեղյակ լինելը

Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հունիսի 20-ին տեղի են ունենում «Ակոս» պարբերականի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության երրորդ լսումները: Մեղադրյալները` Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը և Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզական բաժնի տնօրինությունում էմիրի պաշտոնը զբաղեցրած Էրջան Դեմիրը ներկա են լսումներին։ Այլ մեղադրանքներով կալանքի տակ գտնվող Թամեր Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Ալի Փոյրազը, Համդի Էգեբաթանը բանտախցերից տեսակապի միջոցով են միացել լսումներին։ Օգյուն Սամասթը ևս լսումներին տեսակապի միջոցով է հետևում։ Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Լսումներին դատարանի դահլիճից հետևում են նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը և Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն։

Լսումները սկսվել են Տրապիզոնի հետախուզական վարչության աշխատակից, ոստիկան Մուհիթթին Զենիթի պաշտպանական ելույթով։ Զենիթը նշել է, որ իրենք Դինքի սպանությունից 10 ամիս առաջ սպանության իրականացվելու մասին գրություն են ուղարկել։ Նա հերքել է մեղադրական ակտում իր դեմ ներկայացված «զինված հանցախմբի անդամ լինելու» մեղադրանքը՝ նշելով․«Անհնար է և՛ հանցագործներին հետևել, և մասնակցել նրանց նախագծին»։

«Հետախուզության վարչությանը և Ստամբուլի ոստիկանությանն ուղարկված բոլոր երեք զեկույցներում էլ պաշտոնական գրություններ ենք ուղարկել՝ նշելով սպանության նախագծի շարունակականությունը։ Այս ամենը ընդգրկված է նաև մեղադրականում։ Ե՛վ լրատվամիջոցները, և՛ որոշ ուժեր ակնհայտորեն ճանապարհ են հարթել Դինքի սանությանը։ Աչքի առաջ ունենալով նաև Գերագույն դատարանի հաստատած «Թուրքականությունը վիրավորելու» մասին զեկույցը՝ ես և գործընկերներս տեղեկացրել ենք սպառնալիքի առկայության և Տրապիզոնում մշակվող նախագծերի մասին։ Ես ոչ թե նախագծի մասն եմ կազմել, այլ նախագիծն եմ բացահայտել։ Արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի այս սպանությունը չիրականացվի»,- ասել է Զենիթը։

Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությունից հետո Էրհան Թունջելի հետ ունեցած իր հեռախոսազրույցին, որը հայտնվել էր սոցցանցերում` նա նշել է․ «Էրհան Թունջելը մեզ տեղեկություններ էր տրամադրում՝ ստուգելով, թե մենք ինչքանով ենք տեղեկացված։ Ստիպողական եղանակով էր տեղեկություններ տրամադրում։ Հեռուստացույցով եմ տեսել, թե սպանությունն ինչպես է իրականացվել։ Խղճիս հանգստության համար Ռաքել Դինքից ներողություն եմ խնդրում։ Մարտավարության պահանջներին համապատասխան եմ այս ամենն արել»,- ասել է մեղադրյալը։

Նա հերքել է գործի հետ կապված զեկույցներ ոչնչացնելու մասին տեղեկությունն ու պահանջել է իրեն արդարացնել:

Դատական նիստը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս