«Իսկ հիմա երեքով կխոսենք». Պուտինը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին և Ալիևին Պետերբուրգ ժամանելու համար
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Մինչ հանդիպումն սկսվելը Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման հարցով հանդիպմանը մասնակցելու համար, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նա հայտնել է, որ երկու երկրների նախագահների հետ արդեն զրուցել է երկկողմ ձևաչափով:
«Իսկ հիմա երեքով կխոսենք»,- ասել է Պուտինը:
Սերժ Սարգսյանը Պուտինի հետ զրույցի ժամանակ մասնավորապես շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդական ջանքերի համար և հաստատել, որ Հայաստանը հույս ունի ԼՂ հակամարտության խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:
Իր հերթին, Ալիևը նույնպես շնորհակալություն է հայտնել Պուտինին եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և հույս հայտնել, որ բանակցային գործընթացին «կհաջողվի հաղորդել կառուցողական դինամիկա»: