Թորբյորն Յագլանդի պատասխանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական հերթական սադրանքին
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի առաջին օրն էր, և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պատասխանել է վեհաժողովի անդամների հարցերին, հայտնում է APA գործակալությունը:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան նրան հարց է ուղղել՝ կապված Սարսանգի ջրամբարի հետ:
Փաշաևան Հայաստանին մեղադրել է ջրային ռեսուրսները քաղաքական նպատակներով և որպես ճնշման միջոց օգտագործելու մեջ:
«Որպես գլխավոր քարտուղար՝ ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել այդ մարդասիրական աղետը կանխելու համար: Ի՞նչ ներդրում կարող եք ունենալ այդ հարցում»,- հարցրել է Փաշաևան:
Յագլանդը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Ես ևս մեկ անգամ կարող եմ նշել, որ մենք չենք զբաղվում հակամարտությունների կարգավորմամբ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նրանք չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը միջամտի: Մենք պետք է հարգանքով վերաբերվենք նրանց որոշմանը: Եթե մեզ դիմեն, որ մեր ներդրումն ունենանք Մինսկի գործընթացին, ապա մենք կկարողանանք դա անել, սակայն եթե նրանք չեն ցանկանում մեր մասնակցությունը, մենք՝ որպես Եվրոպայի խորհուրդ, չենք կարող միջամտել այդ գործընթացին և հավելյալ խնդիրներ առաջացնել»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: