«Սրանից ուրիշ հոտ է գալիս». ԱԱԾ պետի նախկին տեղակալը՝ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության դեպքի մասին
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի հավատում ՀՀ քննչական կոմիտեի՝ Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալելու վերաբերյալ բերած հիմնավորումներին: 168.am-ի հետ զրույցում Գ. Եղիազարյանը նկատեց, որ միայն Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ կա հակասություն:
Նա նկատեց, որ հայտարարության տեքստում նախ գրված է. «Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում»:
Սակայն, ինչպես նշեց Գ. Եղիազարյանը՝ Քննչական կոմիտեի տարածած նույն հայտարարության վերջում նշվում է, որ «մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է»:
«Վերևում գրում են՝ շենքեր է գրավում, տելեստուդիա է գրավում, պետական հեղաշրջում է կատարում, բայց ուրիշ բանի կասկածանքով են այս մարդուն ձերբակալում: Նույնիսկ ցուցմունքներ են գրել այդ «հեղաշրջման» մասնակիցները, բայց Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալել են զենք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով: Ինչպե՞ս հավատամ նրանց ասածին: Սա ինձ հիշեցնում է ահաբեկչական հայտնի խմբի վնասազերծումը, երբ Երևանը պետք է արյան ծով դարձնեին այդ մարդիկ 11 ինքնաձիգերով: Բա ի՞նչ եղավ, ինչո՞ւ ծպտուն չկա այն գործից»,- նկատեց Գ. Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ սրանից «ուրիշ հոտ է գալիս», ըստ նրա, ամենայն հավանականությամբ, մեր երկիրը լրջագույնս պատրաստվում է պատերազմի թուրքերի դեմ, որի մասին մենք չգիտենք:
Գ. Եղիազարյանը նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանն ընդդիմություն է և հարցեր կարող է բարձրացնել. «Վերջերս ինքը շատ լուրջ հարցեր էր բարձրացրել, նույնիսկ մեղադրում էր իշխանություններին դավադրության մեջ: Մեղադրեց իշխանություններին դավադրության մեջ, ընկավ ուրիշ որոգայթում: Ի՞նչ է նշանակում, երբ մարդիկ ուղիղ ասում են՝ թուրքերը գալիս են, իշխանություններն ասում են՝ սպասեք, ինչո՞ւ սպասել: Այդ հարցի պատասխանը չտվեցին իրենց, դրա փոխարեն՝ հիմա ձերբակալեցին»:
Գ. Եղիազարյանը Ժ. Սէֆիլյանի ձերբակալության և նրա կողմից տարածած վերջին տեսանյութերի միջև ուղիղ կապ է տեսնում. «Երևում է՝ լրջագույնս վատ բաներ են սպասվելու, նկատի ունեմ՝ Արցախի ճակատում: Նման դեպքերը խոսում են այն մասին, որ աստիճանաբար գլորվում ենք դեպի պատերազմ: Այսօրվա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից ոչ մի լավ բան պետք չէ սպասել, և դրա ապացույցը հենց Սէֆիլյանի ձերբակալությունն է»: