
Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության անկման հարցերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել քննարկել երկկողմ առևտրաշրջանառության անկումը, որը դիտվում է վերջին շրջանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Խնդիրը, որի համար մենք հավաքվել ենք, հայտնի է՝ դա հին ժամանակներից մեզ բաժին հասած Ղարաբաղյան խնդիրն է, սակայն կցանկանայի օգտվել մեր հանդիպումից, որպեսզի խոսեմ նաև մեր երկկողմ հարաբերությունների մասին և առաջին հերթին, նոր ավարտված Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ֆոնին կցանկանայի նկատել, որ մեզ քաջածանոթ պատճառներով, ցավոք, նկատում ենք ապրանքաշրջանառության որոշակի նվազում»,- ասել է Պուտինը:
Պուտինը հավելել է, թե իրենք՝ երկուսն էլ, գիտեն դրա պատճառը՝ նշելով, որ ապրանքաշրջանառության նվազման հանգեցրել է էներգակիրների գների անկումը, ինչպես նաև արժույթների փոխարժեքի տարբերությունը:
Բացի այդ՝ Պուտինը հայտարարել է երկկողմ համագործակցության մարդասիրական կողմերը քննարկելու մտադրության մասին:
«Մեզ համար առանձնահատուկ հաճելի է, որ ձեր ներկայությամբ ստորագրվել է Ադրբեջանում խոշոր էներգետիկ օբյեկտի ստեղծման մասին փաստաթուղթ, որը մասնակի ֆինանսավորվելու է ռուսական բանկի կողմից»,- հավելել է Ալիևը:
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական ապրանքաշրջանառության նվազմանը՝ վերջինս վստահություն է հայտնել, թե դա կրում է ժամանակավոր բնույթ: