Բաժիններ՝

Հանրապետությունում արտադրվող ալյուրի գները կնվազեն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 20-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացիկ և մթերման աշխատանքներին:

Վարչապետը նախ հետաքրքրվել է հնձի կատարված աշխատանքով: Այդ կապակցությամբ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:

Նախարարի խոսքով, հունիսի 20-ի դրությամբ հանրապետության տարածքում կատարվել է 12 հազար հեկտար գարու հունձ՝ 23 ցենտներ միջին բերքատվությամբ, և 500 հա ցորենի հունձ՝ 33 ց միջին բերքատվությամբ: Ա. Մխոյանի հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ, հացահատիկային բերքահավաքի հետ կապված տեխնիկական խնդիրներ չկան, սակայն նա մտահոգություն է հայտնել, որ գարու այս տարվա աննախադեպ բերքի ծավալները հնարավոր է իրացման խնդրի առաջ կանգնեցնի արտադրողներին:

Ա. Հարությունյանը նշել է, որ կիսում է նախարարի մտահոգությունը, քանի որ հանրապետությունում արտադրվող գարու ծավալները ոչ միայն բավարարում են Արցախի և Հայաստանի ողջ ներքին պահանջարկը, այլև մեծ քանակի ավելցուկ է առաջանում: «Կարծում եմ՝ գարու մշակությամբ զբաղվող հողօգտագործողները պետք է տարեցտարի ավելի մեծ ուշադրություն դարձնեն ցորենի արտադրությանը: Քանի որ ցորենի պահանջարկը շատ ավելի մեծ է ՀՀ ներքին սպառման համար»,- ասել է վարչապետը: Հակահրդեհային աշխատանքների կազմակերպման վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: Նրա խոսքով, հերթապահ բոլոր բրիգադները կազմակերպված կերպով կատարում են իրենց աշխատանքը:

Հունիսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության դաշտերում գրանցվել է 20 հրդեհ, որից միայն 2-ն է վնասել հացահատիկի արտերին՝ ոչնչացնելով 12 հա ցանքատարածք: Հրդեհի մյուս 18 դեպքերը գրանցվել են չոր խոտածածկ տարածքներում: Վարչապետը դրական է գնահատել հրշեջների կատարած աշխատանքը և մի շարք հանձնարարականներ տվել, որպեսզի հանրապետությունում առաջիկայում սպասվող չորային եղանակներին վերահսկողությունն ավելի ուժեղացնեն:

Այնուհետև Ա. Հարությունյանը անդրադարձել է մթերման հարցերին՝ քննարկմանը մասնակից դարձնելով նաև հանրապետության մթերող մի շարք խոշոր ալրաղացների ներկայացուցիչների: Վարչապետը լսել է մթերող ընկերությունների ներկայացուցիչների կարծիքները սպասվող հացահատիկի գնային քաղաքականության մասին և նշել, որ կառավարությունն այդ հարցում փորձելու է իր գործիքակազմով հավասարակշռված մոտեցում ցուցաբերել և չվնասել ոչ արտադրողի, ոչ մթերողի և ոչ էլ սպառողի շահերը:

Ա. Հարությունյանը ալրաղացների ներկայացուցիչներին հորդորել է նաև իջեցնել հանրապետությունում արտադրվող ալյուրի գները, որին դրական արձագանք է եղել: Վարչապետը նաև նշել է, որ բողոքներ են ստացվել ընդունման կետերում կշեռքների անճշտությունների հետ կապված և կոչ է արել լուրջ ուշադրություն դարձնել խնդրին՝ հակառակ դեպքում, նրա խոսքով, իրավախախտների համար անխուսափելի է լինելու օրենքի առաջ խիստ պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս