«Ես ամեն օր հայհոյում եմ Աթեշյանին». Ֆերդինանդ Առաքելյան

Աստվածաբան Վարդան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում չեն վերլուծում Հռոմի պապի ուղերձների ենթատեքստերն ու կողմնորոշիչները. «Մեր հասարակական գիտակցության մեջ դրանք չեն շրջաբերվում, և շատ լավ կլիներ, եթե նրա այս այցը հայ հասարակական գիտակցության մեջ փոփոխություններ ներմուծեր: Հռոմի պապի այցը Հայաստան բացառիկ երևույթ է հայ ազգի համար: Բացառիկ է նրանով, որ ամենապոպուլյար Պապը Հայաստան գալիս է ուխտագնացության: Նա համարում է, որ, ի դեմս քրիստոնեություն առաջինն ընդունած Հայաստանի՝ տարածաշրջանում ունի մեծ հենասյուն: Հայաստան գալով՝ նա փորձելու է արթնացնել քրիստոնյաների միտքը՝ այն ուղղելու Մերձավոր Արևելքի քրիստոնյաների բնաջնջման ու տեղահանությունների վրա: Կաթոլիկ եկեղեցին հեռահար գործողությունների, լավ հաշվարկված քաղաքականության կրող է»:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ հավելեց, որ Հայաստան այցելելով՝ Հռոմի պապը դուրս է գալիս տգիտության դեմ. «Նա գալիս է պատմական մեծ անցյալ ու մեծ հավատք ունեցող ժողովրդի մոտ: Քաղաքական գործիչները չեն կարող անել այն, ինչ հոգևոր աշխարհն է անում: Այն, որ Հռոմի պապը գալիս է, արդեն մեծ բան է: Հավատքն անվիճելի է, անհաղթելի, և շատ բաներ, որոնց այլ ճանապարհով չեն հասնում, հասնում են հավատքով: Հոգևոր առաջնորդների հանդիպումները կանխում են դժոխքը, մարդկանց տանում ոչ թե՝ անդունդ, այլ՝ պայծառ քաղաքակրթություն»:

Անդրադառնալով Պոլսո Հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանի՝ Հայաստան կատարելիք այցին՝ քանդակագործը նշեց՝ չի կարելի, որ Երկրագնդի վրա 21-րդ դարում նման դավաճան հայ ապրի:

«Ես ամեն օր հայհոյում եմ Աթեշյանին: Նա չպետք է մուտք գործի Հայաստան: Չի՛ կարելի, նա դավաճան է: Բիզնեսում խաբեբայությունները քիչ թե շատ հասկանալի են, իսկ ահա հոգևոր աշխարհում՝ անհասկանալի և անընդունելի»:

Ֆերդինանդ Առաքելյանը նաև հիշեցրեց Հռոմի պապին նվիրված՝ իր հեղինակած քանդակի մասին, որն անձամբ է նվիրելու Պապին. «Քանդակի իմաստը հենց Հռոմի պապի երազանքն է, նրա բոլոր տեքստերը՝ գնանք դեմ տգիտությանը: Քանդակում բոլորին իրար եմ կապել. կենտրոնում Հռոմի պապն է, հետո ձախ կողմում կանգնած են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ իր հոգևորականներով, միանում են Հոլոքոստի ներկայացուցիչ ռաբբիները, բուդդայականության ներկայացուցիչը, Կիրիլը և մահմեդականները: Բոլորը եկել են Հռոմի պապի կոչով, քանդակը կոչվում է «Լռության րոպե»»:

Տեսանյութեր

Լրահոս